Jump to content

Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայ հետախույզները Դիպակում հանդիպեցին մոտ 200 զինված հետևակ և հեծյալ թուրքերի և կռվի բռնվեցին նրանց հետ, միաժամանակ լուր ուղարկելով Օրալ և Սազել հայկական գյուղերի զինված ուժերի հրամանատարությանը… Հայ հետախույզների խումբը կռվելով սկսեց նահանջել դեպի Սաթորա՝ օրալցիների յայլաղները։

Սա, անկասկած, հայերի կողմից մշակված տակտիկա էր՝ թշնամուն իր հետևից քաշել դեպի ծուղակ… Այդ պարզվեց մարտական գործողությունների ընթացքից… Թուրքերը ոգևորված իրենց «հաջողությամբ»՝ հետապնդում էին նահանջող հայերին և հանկարծ Սաթորայում ընկան հայերի սարքած ծուղակը.. երեք կողմից թշնամու վրա սկսեց տեղալ օրալցի և սազելցի կտրիճների կրակը։ Վրա հասան ևս 100 հայեր, և գնալով հայերի «աքցանն» սկսեց սեղմվել, որի մեջ ընկած թուրք հրոսակներն անելանելի վիճակի մեջ ընկան… Նրանց այլևս ոչինչ չէր մնում անել, քան նահանջել դեպի Դիպակ։ Թուրքերին կրնկակոխ հետապնդող հայ քաջորդիները երեք կողմից շրջապատեցին, սկսեցին իսկական ջարդը։ Ելուզակները մի կերպ դիմեցին փախուստի։ Փախչելով 5—6 վերստ, մինչև թուրքական Արջուլ գյուղի մոտերքը, թաքնվեցին անտառում։ Իսկ երբ մութն ընկավ և հայերը դադարեցրին հետապնդելը, նրանք հեռացան իրենց գյուղերը։

Այդ ճակատամարտում թուրքերը հսկայական կորուստներ տվեցին։ Ստույգ թիվը մերոնց հայտնի չէր, որովհետև նրանք փախչելիս իրենց հետ սայլերով կամ քաշելով (ինչպես երևում է ձյան վրայի հետքերից) տարել էին իրենց սպանվածներին և վիրավորներին։ Հայերն այն կարծիքին էին, թե իրենք սպանել և վիրավորել են 40 ավազակ։ Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, այդ թիվը կրկնակի և ավելի մեծ էր…

Ըստ վրացական Անդրեծմինդա գյուղի բնակիչների պատմածի, ապրիլի 25-ին իրենց գյուղն են գնացել երկու թուրք՝ սպիտակ դրոշակով և խնդրել, որ անդրեծմինդացի վրացիները միջնորդեն քաղաքի վրացի բժշկին, որ վերջինս գնա Դիպակի կռվում վիրավորված թուրք վիրավորներին օգնելու, որոնց թիվը 60 էր, իսկ սպանվածների թիվը, ըստ նրանց խոստովանության, եղել է 30 մարդ[1]։

  1. Տե՛ս «Շարժում» 1918 թ., № 27։