— Գիտեմ, որ այդպես է, բայց ո՞վ գիտե, աշխարհք է, այսօրվան ծառաների տերը վաղը կարող է ի՛նքը լինել ծառա, թեև նա թագավոր էլ լինի եղած։ Արհեստը մի այնպիսի բան է, որ ամենայն մարդ պիտի գիտենա, թե՛ ծառա լինի, թե՛ տեր, թե՛ թագավոր և թե՛ իշխան։
Այսպես որ ասաց Անահիտը՝ իշխանները մնացին իրար երեսի մտիկ տալիս։ Նայեցին Առանին, տեսան, որ նա շատ հավան է աղջկա ասածին։ Հետո դարձան Անահիտին ու կրկին հարցրին.
— Ուրեմն, դու թագավորի որդուն չպիտի ուզես միայն նրա համար, որ նա արհեստ չգիտե՞։
— Այո՛, և այս ամենը, ինչ որ բերել եք, ետ կտանեք և կասեք, որ ես իրան շատ հավանում եմ, միայն թող ներե ինձ, որ ես ուխտ եմ դրել՝ արհեստ չգիտցող մարդու չգնալ։ Եթե կամենում է, որ ես իր ամուսինը լինիմ, թող նախ և առաջ մի արհեստ սովորի։
Իշխանները տեսան, որ Անահիտը հաստատ է իր ասածին, էլ չստիպեցին։ Նույն գիշերը մնացին Առանի տանը։ Անահիտը նրանց լավ հյուրասիրություն ցույց տվավ և մի թագավորի հեքիաթ պատմեց, թե ինչպե՛ս նա շատ արհեստներ է սովորել, հետո իր ժողովրդին էլ սովորեցրել և դրանով իր երկիրը շատ հարստացրել։ Իշխանները, տեսնելով, որ ճշմարիտ է Անահիտի ասածը, ամաչում էին, որ իրանք ոչ մի արհեստ չգիտեն, միայն Վաղինակն սկսեց պարծանքով ասել, որ ինքը շատ լավ ոսկերչություն գիտե, թե ինքն այդ սովորել է թագավորի պալատական վարպետից։ Մյուս օրը վեր կացան, գնացին և ինչ որ տեսել, լսել էին՝ մի առ մի պատմեցին թագավորին։ Թագավորն ու թագուհին երբ լսեցին Անահիտի վճիռը, շատ ուրախացան՝ կարծելով, թե Վաչագանը չի ընդունիլ նրա առաջարկությունը և ձեռք կվերցնե նրանից. բայց երբ կանչեցին իրան և հայտնեցին՝ նա ասաց.
— Շատ ուղիղ է ասել Անահիտը. ամենայն մարդ պետք է մի արհեստ գիտենա, թագավորն էլ մարդ է, նա էլ պետք է գիտենա մի արհեստ։
— Ուրեմն, դու հոժա՞ր ես մի արհեստ սովորելու,— հարցրեց մայրը։
— Այո՛:
— Բայց ուղի՛ղն ասա, ինչո՞ւ համար ես ուզում սովորել. արհեստի կարևորությո՞ւնն զգալով, թե՞ Անահիտին արժանանալու համար։
— Երկուսն էլ… ինչո՞ւ թաքցնեմ,— պատասխանեց Վաչագանը և հեռացավ իսկույն, որ երեսի կարմրիլը ծածկե իր ծնողներից…
Թագավորը տեսավ, որ որդին հոժար է մի արհեստ սովորելու, խորհրդի կանչեց իշխաններից մի քանիսին, և նրանք միաձայն վճռեցին, թե՝ նրան վայելուչ արհեստը լավ դիպակ[1] գործելն է, որ չկա իրանց երկրի մեջ և հեռավոր երկիրներից են բերել տալիս շատ թանկ գնով։ Մարդիկ ուղարկեցին և խորին Պարսկաստանից մեկ հմուտ վարպետ բերել տվին Վաչագանի համար։ Մի տարվա մեջ Վաչագանն այնպես սովորեց դիպակ գործելը, որ իր ձեռքով նուրբ ոսկեթելից մի բաճկոնացու գործեց Անահիտի համար և Վաղինակի ձեռքով ուղարկեց նրան ընծա։
Անահիտը, ստանալով այդ ընծան, ասաց.
— Հիմա ոչինչ չունիմ ասելու.
|
- ↑ Դիպակ - մետաքսյա ոսկեթել և արծաթաթել կտոր և դրանից կարված զգեստ