Վաչագանի հետ եկածները թվով վեց հոգի էին։ Հարցրեց նրանց, թե արդյոք մի որևիցե արհեստ գիտե՞ն։ Մինն ասաց, որ գիտե կտավ գործել, երկրորդը դերձակություն գիտեր, երրորդը մետաքսագործ էր, մյուս երեքը ոչ մի արհեստ չգիտեին։
— Վնաս չունի, որ դուք արհեստ չգիտեք,— ասաց Վաչագանը,— ես կասեմ, որ դուք ամենքդ ինձ արհեստակից եք, իսկ ես շատ լավ արհեստ գիտեմ։
Ոտնաձայնը, արձագանք տալով, հետզհետե մոտեցավ, և նրանց առջև կանգնեց մի դաժանատեսիլ քուրմ՝ հետն առած մի խումբ զինված մարդիկ։
— Դո՞ւք եք նոր եկածները,— հարցրեց քուրմը։
— Այո՛, ծառաներդ ենք,— պատասխանեց Վաչագանը։
— Ձեզանից ո՞վ է արհեստ իմանում։
— Մենք ամենքս էլ գիտենք,— ասաց Վաչագանը,— գիտենք շատ թանկագին դիպակ գործել։ Մեր գործվածքի մի կշիռը հարյուր կշիռ ոսկի կարժե։ Մենք մեծ գործարան ունեինք, բայց պատահմամբ կրակ ընկավ այրվեց, և մենք ընկանք պարտքի տակ ու խեղճացանք։ Եկանք քաղաք, որ մի գործ գտնենք մեզ համար, հանդիպեցանք մեծ քրմապետին, և նա մեզ բերավ այստեղ։
— Շա՛տ լավ. բայց մի՞թե ճշմարիտ այդչափ թանկ կարժե ձեր գործվածքը։
— Մեր ասածի մեջ սուտ չկա, չէ՞ որ պիտի ստուգեք։