Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



Այդ թշվառներին տերվետեր անելուց հետո թագուհին կամեցավ անձամբ զննել քուրմերի սպանդարանը։ Քաղաքապետի և մի խումբ զինվորների հետ ներս գնաց և նավթավառ լուցկիներով զննեց նրա ամեն մի քունջ[1] ու պուճախը։ Ո՛ր կողմը նայում էր, մարդկային արյունի հետքեր էր նշմարում և անհամար ոսկորներ՝ այս ու այն անկյունում թափած։

— Այս զարհուրելի տարտարոսը կարճ ժամանակում գլուխ բերված բան չէ,— ասաց նա քաղաքապետին,— սրա վրա շատ տարի ու շատ մարդիկ պիտի լինին աշխատած, իսկ այդ մարդիկը մի անգամ այստեղ ընկնելուց հետո է՛լ լույս աշխարհք չեն տեսել։

— Ողորմա՛ծ թագուհի, ես մեղավոր եմ, որ խիստ հսկողություն չեմ ունեցել, բայց մի այսպիսի բան իմանալու համար քո իմաստությունն ունենալու է։ Ամեն տարի միայն մեր քաղաքից, եթե քիչն ասեմ, հարյուր մարդ է անհայտացել, բայց ես միշտ կարծել եմ, թե՝ լեռնեցիք են գերի տարել։ Այդ գարշելի քուրմերին մենք ոչ միայն սուրբերի տեղ ենք ընդունել, այլև կարծել ենք, թե՝ դրանք շատ ժրաջան և արհեստասեր մարդիկ են, իրանց ձեռքի աշխատանքովն են ապրում և ո՛չ ժողովրդի հաշվով և արյունով։ Ո՞վ կկարծեր, թե՝ այն թանկագին հյուսվածքներն ու գործվածքները, որ դրանք ամենայն օր բերում էին շուկա վաճառելու, իրանց ձեռքի գործքը չի եղել, ո՞վ կկարծեր, որ մեր պաշտած քրմապետը մի կերպարանափոխված դև է եղել և անմեղ մարդկանց արյան ծարավի…

Վերջապես դուրս եկան այդտեղից և գնացին դեպի տաճարը։ Բախեցին տաճարի դուռը, որ քուրմերը բաց անեն և անձնատուր լինին, բայց ներսից ձայն հանող չեղավ։ Դուռը կոտրտեցին զինվորները և ներս գնացին, բայց ներսը մարդ չգտան, վերև նայեցին, և մի նոր տեսարան բացվեց նրանց առջև. բոլոր քուրմերը և քրմապետը կախվել էին առաստաղից և դեռ ճոճվում էին իրանց պաշտած հնդկացի կուռքերի դիմաց։ Երբ որ այդ մասին հայտնեցին թագուհուն՝ նա ասաց.

— Այդ մահը շատ թեթև է դրանց համար, բայց վնաս չունի, թողեք այդպես մնան, միայն թո՛ւյլ տվեք ժողովրդին, որ ներս գնան և երկրպագություն տան իրանց սուրբերին։

Դրսումը ամբոխված և գրգռված մարդիկը հեղեղի պես ներս թափվեցին և կատաղի կերպով հարձակվեցին կուռքերի վրա և ջարդուփշուր արին իրանց երեկվան պաշտած աստվածներին։ «Ի՜նչ հեշտ են ջարդվում այս գարշելիները, մինչդեռ մենք կարծում էինք, թե՝ անհպելի և անմատչելի են»,— ասում էին շատերը։ Դուրս տվին բոլոր անոթներն ու սպասները, քարուքանդ արին խորաններն ու ծածկարանները, անթիվ ոսկի և արծաթ գտան, բայց առանց մի բան հափշտակելու և գողանալու՝ ամեն ինչ տարան թափեցին հրապարակի մեջ, թագուհու առջև. իսկ թագուհին կարգադրեց, որ քուրմերի բոլոր այդ ունեցած-չունեցածը բաժանվին դժոխքից ազատվածներին։ Երբ որ մեհյանի մեջ էլ ոչինչ չմնաց, ամեն ինչ տակն ու վրա արին՝ իրանց արդար զայրույթի վերջին մրուրը թափեցին խեղդամահ եղած քուրմերի գլխին։ Ցած բերին դժոխքի արբանյակներին և ամենքին կտոր-կտոր անելով դուրս նետեցին պարսպից, որ գազաններին լափ դառնան։

Մնացած անելիքը թագուհին հանձնեց իր հարյուրապետներից մեկին, իսկ ինքը գնաց իր վրանը, ուր նրան անհամբեր սպասում էր Վաչագանը։ Երկու սիրելիները նստեցին իրար կողքի և միմյանց նայելուց չէին կշտանում։ Վաղինակը մոտեցավ թագուհուն, համբուրեց նրա ձեռքը և, մյուս կողքին նստելով՝ սկսեց հեկեկալ մորը գտած երեխայի պես։

  1. Քունջ - անկյուն
115