Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամենքը և, սպիտակ սավանով սփածված[1], մտան գետը՝ փոքր մանուկներին գրկերն առած։ Կաթողիկոսը մկրտության համառոտ կարգը կատարեց և ամենքին հրամայեց երեք անգամ ընկղմվել ջրումը և դուրս գալ։ Այսպես լուսավորվեցին պերոժցիք քրիստոնեական լուսով։ Բայց մենք դառնանք մեր պատմությանը)։

ԺԴ

Երբ որ թագավորն ու Վաղինակը ողջ-առողջ տուն հասան՝ նրանց դիմավորեց Զանգին և, մերթ մեկի, մերթ մյուսի ոտներին փաթաթվելով, այնպես էր վնգվնգում, որ կարծես ամեն բան գիտեր, ամեն բան լսել էր։

Մյուս օրը բանտից հանեցին դիպակավաճառ քուրմին, որ դատեն հրապարակավ և դատապարտեն։ Երբ որ դատավորները ժողովվեցին և ուզում էին դատել նրան թագավորի ներկայությանը՝ Վաղինակը մոտեցավ և խնդրեց թագավորից, որ այդ դաժան ծերի կյանքն ու մահը իրան հանձնե։

— Դու ինչպե՞ս ես ուզում պատժել սրան,— հարցրեց թագավորը։

— Այդ մասին ես ու Զանգին կմտածենք,— պատասխանեց Վաղինակը։— Դրա մահվան կերպովը միայն կարող եմ թեթևացնել հիշողությանս մեջ իմ կրած կսկիծը։ Այն գարշելիները հեշտ պրծան, նրանց բախտին չպիտի արժանացնեմ սրան։

— Բայց, Վաղինա՛կ, դու մոռանում ես, որ քրիստոնեին անվայել է վրեժխնդրությունը։ Ինչպես տեսնում եմ, դու սրան տանջել ես ուզում։

— Ո՛չ, ես ուզում եմ միայն, որ դրա սև հոգին Զանգուն հանձնեմ և թողնեմ նրա կամքին, որ ինչպես ուզենա, այնպես հանե…

— Տա՛ր, տա՛ր, շանսատա՛կ արա սրան,— ասացին միաբերան դատավորները։

Թագավորն էլ չուզեց Վաղինակի խնդիրը մերժել։ Վաղինակը, քուրմի ձեռները կապռտած, տարավ մի ձորի մեջ և, այնտեղ բաց թողնելով, ասաց Զանգուն.

— Զանգի՛, տե՛ս, սա է այն մարդը, որ ինձ քանի տարի տանջել է սոսկալի տանջանքով, ինձ այնպես բան է ուտեցրել, որ դու չես տեսել քո օրումը։ Զանգի՛, տանջի՛ր այս մարդուն, որ մի քիչ սիրտս հովանա։ Դե՛, գազա՜ն է սա, բռնի՛ր, կծի՛ր, պի՛նդ, պի՛նդ…

Զանգին մի ոստյունով հարձակվեց քուրմի վրա և, մի ակնթարթի մեջ բուկը հախռելով[2]՝ խեղդեց և մռմռալով ետ քաշվեց իսկույն։

— Ա՜խ, Զանգի՛, այդ ի՞նչ հեշտ պրծացրիր դու այդ անիրավին։ Մի՞թե ես քեզ այդպես ասացի։ Այդպես հո ո՛չ մի բարեգութ դահիճ չէր անիլ, ինչպես որ դու արիր։

Վաղինակը շատ զղջաց, որ Զանգուն դահճի պաշտոն տվավ, և թագավորին գանգատվեց, բայց թագավորը շատ ուրախացավ, որ Զանգին այնքան բարի է եղել։

* * *

Վաչագան թագավորի այս արկածքի լուրը տարածվեց բոլոր քաղաքներում և գյուղերում։ Այդ մասին խոսում էին մինչև օտար երկրներում էլ և ամենայն տեղ Անահիտի և Վաչագանի գովասանքն էին անում։ Ազգային երգիչները, գյուղեգյուղ և քաղաքեքաղաք պտտելով, այդ անցքի պատմությունն էին անում երգերով։ Ափսո՛ս, որ այդ երգերը մեզ չեն հասել, բայց ինչ որ արել են Վաչագանն ու Անահիտը իրանց աշխարհի համար, այդ բանը հեքիաթի ձևով պատմում են մինչև այսօր էլ։ Այդ հեքիաթի գլխավոր

  1. Սփածված - ծածկված, վրան գցված
  2. Հախռել - խժռել, լափել
118