չէր որոշում աղջիկներից, և երեքին էլ միաձև աղջկա հագուստով էր պահում։ «Թող սա էլ աղջիկ համարվի,— ասաց նա,— մինչև բարի ոգիների կամքը կատարվի»,— և անունն էլ դրավ Արեգնազան՝ միատեսակության համար, որովհետև մեծի անունը դրել էր Զանազան, իսկ երկրորդինը՝ Զարմանազան։
Արեգնազանը մեծացավ աղջկա պես. և թեպետ հավատացած էր, որ ինքն աղջիկ է և աղջիկներից էլ՝ ամենից գեղեցիկը, բայց ատելով ատում էր աղջկան վայել բաները։ Նա չէր սիրում բուրդ գզել, թել մանել, կար ու գործ անել և, դրա հակառակ, երբ մի լավ ձի կամ մի զենք էր տեսնում՝ խելքը գնում էր։ Մայր չուներ, որ նրան ստիպեր, տնարարություն սովորեցներ, իսկ հայրը, կարծես գիտությամբ, ոչ միայն այդ մասին ոչինչ հոգս չէր անում, այլև նրան իր հետ որսի էր տանում և ձի հեծնել ու զենք գործածել էր սովորեցնում։
Այսպես անցավ մի ժամանակ. մեկ օր Արմանը կանչեց իր զավակներին և ասաց.
— Ես ծառայում էի մեր բարի թագավորին, և նա ինձ շատ սիրում էր։ Ահա՛ այս դաշտերն ու անտառները, այս սարերն ու ձորերը, որ հիմա մեր ձեռին են, բոլորը թագավորն է ընծայել ինձ իմ հավատարիմ ծառայությանս համար։ Երբ որ ձեր մայրը վախճանվեց՝ սաստիկ տխրություն եկավ վրաս։ Վեր առա ձեզ, քաշվեցի այս խաղաղ վայրերը և, տխրությունս փարատելու համար, գլուխս որսորդության տվի։ Դուք հիմա մեծացել եք, իսկ ես՝ ծերացել։ Դուք այստեղ մեծանում եք, ինչպես վայրի եղջերուները։ Ի՞նչ կլինի ձեր վերջը, եթե այստեղ մնաք. իհա՛րկե, շատ վատ։ Ապագա թշվառությունից ձեզ ազատելու համար ես մտածել եմ, որ ձեզանից մեկին, տղայի հագուստով, ուղարկեմ թագավորի մոտ ծառայելու։ Թագավորը սիրով կընդունի և իմ տեղը ժամանակով նրան կտա։ Այդպիսով, ձեզանից մեկը կարող է մյուսներիդ էլ տանել իր մոտ։ Հիմա ո՞րդ կուզենաք գնալ։
— Ե՛ս կերթամ, հայրի՛կ,— ասաց մեծ աղջիկը։
— Ես էլ, հայրի՛կ, ես էլ,— մեջ ընկավ միջնակը։
Արեգնազանը լուռ էր։
— Իսկ դու, Նազանի՛կ, դու չե՞ս կամենալ,— հարցրեց հայրը Արեգնազանին. կարծես ուզում էր, որ գնացողը նա՛ լիներ անպատճառ։
— Ինչո՞ւ չէ, հայրի՛կ. բայց երբ որ իմ մեծ քույրն ուզում է, ես ինչո՞ւ արգելք լինիմ նրան։
— Այստեղ արգելքի բան չկա, հոգի՛ս. ինձ համար դուք երեքդ էլ մեկ եք, միայն՝ դեռ չգիտեմ, թե՝ ձեզանից ո՞րն ավելի հարմար կլինի։
— Ես ամենից հարմարն եմ, հայրի՛կ,— ասաց մեծը,— որովհետև ես ամենից մեծն եմ։
— Շա՛տ լավ, բայց ես առանց պայմանի ոչ մեկիդ չեմ ուղարկելու։ Եթե դու կամենում ես՝ կերթաս, ուրեմն, կփոխես հագուստդ, կընտրես զենք ու զրահ, և առավոտը շատ վաղ քո ձին կհեծնես, կերթաս որսորդության. եթե դատարկ չվերադառնաս, քեզ կուղարկեմ թագավորի մոտ։
Մյուս առավոտուն մեծ աղջիկը, ինչպես պատվիրել էր հայրը, ճանապարհ ընկավ դեպի դաշտ՝ մի բան որսալու համար։ Երբ որ մտավ մի խոր ձորի մեջ և ուզում էր անցնել մյուս կողմը, նրա առաջը կտրեց մի դիմակավորված ձիավոր՝ ոտից մինչև գլուխ զինավորված։ Աղջիկը նրան որ տեսավ՝ այնպես վախեցավ, որ քիչ մնաց լեզուն կապվի. սաստիկ երկյուղից մնաց կաշկանդված, փախչիլ անգամ չկարողացավ։ Ձիավորը մոտեցավ նրան ու ասաց.