Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քեզ ճշմարիտ խելագար համարել և թագավորությունից զրկել։ Հիմա դու սպասիր, տես՝ ես ինչ եմ անում, և ի՛նձ հետևիր։— Հետո, դառնալով վեզիրին ու սպարապետին, ասաց.

Եկե՜ք, պարոններ, եկե՜ք,
Մի՛ կասկածեք բնավին,
Տեսե՛ք՝ ինչպե՜ս եմ պատժում
Այս անըզգամ պառավին։


Այս ասելուց հետո, կախարդական գավազաններից մեկը ձեռին, մոտեցավ պառավին և ասաց.

Հրամանով
Բելիարի,
Ուրիելի,
Սադայելի[1]՝
Քա՛ր դառ, պառա՛վ, քա՛ր…


Ասաց ու զարկեց գավազանը։ Պառավը դառավ մի քած[2] էշ և սկսեց խառանչել[3]

— Ա՜յ քեզ բան,— բացականչեց Արեգը,— երևի այս գավազաններից ամեն մեկը մի ջոկ զորություն ունի, կամ գուցե իմ անեծքս էր իշավարի, և պառավն իր խառանչյունով ծիծաղում է ինձ վրա։ Փորձենք երկրորդ գավազանը։

Սադայելի ահեղ սրով,
Տարտարոսի[4] մեծ զնդանով,
Քեզ զարկում եմ, անիծում եմ,
Քա՛ր դառ, պառա՛վ, քա՜ր…


Պառավը դարձավ մի սև ագռավ և ուզեց թռչիլ, բայց ոտները կապած էին, չկարողացավ…

— Սպասեցե՛ք, երրորդ գավազանը փորձենք։

Առավ երրորդ գավազանը և սկսեց ավելի թունդ անիծել՝ կարծելով, թե իր անեծքի թուլությունիցն է, որ պառավը քար չի դառնում։

Քարեկարկո՜ւտ,
Արյունանձրև՜,
Մե՜գ, մառախո՜ւղ,
Թանձր մռա՜յլ,
Խիտ աղջամո՜ւղջ,
Թունդ երկրաշա՜րժ,
Մահտարաժա՜մ[5],
Որո՜տ, կայծա՜կ,

  1. Սադայել - դժոխքի տիրակալներից
  2. Քած - էգ
  3. Խառանչել - զռալ
  4. Տարտարոս - հունական դիցաբանության մեջ՝ դժոխք
  5. Մահտարաժամ - օրհաս
140