անուշ քնով, բաց-բացահար, ուրևիցե մի լեռնային հարթ տափարակի վրա, իսկ ցերեկվա մեծ մասն անց էր կացնում այս և այն կողմ թռչելով։ Պեգասը ոչ մի բանով նման չէր մեր ձիերին։ Մեկ էլ էիր տեսնում՝ անց էր կենում ահա մարդկանց գլխներով, թռած բա՜րձր, բարձր, և արևը պսպղում էր նրա արծաթափայլ թևերի վրա. այնպես էր թվում, թե՝ նա մի մեծ, սպիտակ թռչուն է, մոլորվել է ամպերի մեջ և ճանապարհ է փնտրում դեպի պարզ և կապուտակ երկինքը։ Մարդ չէր ուզում աչքերը հեռացնել, երբ մտիկ էր տալիս և տեսնում, թե ինչպես է նա սուզվում բամբակի նման բարդ-բարդ կուտակված ամպերի մեջ։ Սուզվում է, անհետանում մի երկու րոպե, մեկ էլ տեսնում ես, որ թռչում է նա ամպերի մյուս կողմով։ Հավաքվում, կուտակվում են մրրկալից ամպեր, երկինքը սևանում է. գետնքի վրա շաչում-շառաչում է փոթորիկը, բայց Պեգասն իսկի այնումը չի գցում[1], նրա հոգը չէ բնավ, սլանում, սավառնում է մի տեղից դեպի մյուսը, և հրաշեկ թեժ փայլակը լուսավորում էր նրան ծիրանագույն լուսով։ Թաքչում էր փայլակը, և Պեգասն անհետանում էր թանձր խավարի մեջ։ Մարդկանց մեջ այսպիսի մի հավատ կար, որ իբրև թե՝ ով որ արժանանար մեկ անգամ նայելու այս հրաշալի տեսարանին, այնուհետև նա ամբողջ օրերով կզգար մի առանձին հոգեկան ուրախ տրամադրություն։
Ամառը, լավ եղանակ ունեցող օրերին, Պեգասն իջնում էր ամուր գետնի վրա և, իր արծաթափայլ թևերը ծալելով, չափ ընկնում[2] դես ու դեն, և սար ու ձոր ոտքի տակ տալիս, և այդ անում էր հենց այնպես, իր զվարճության համար։ Ամենից շատ տեսել են նրան Պիրենայի աղբյուրի մոտ, ուր նա անհագությամբ խմելիս է եղել նույն աղբյուրի ջրից կամ թավալելիս փափուկ կանաչկուտի վրա։ Պատահել է և այնպես, որ Պեգասը գջլում[3] է եղել մի քանի ծաղիկ սպիտակ կամ կարմիր առվույտից, նրանցից էլ ընտրելով ավելի քաղցրերը։ (Նա շատ զգույշ է եղել արածելիս, շատ չմահավան, ամեն խոտ չէր արածիլ)։
Մեզանից մի քանի հարյուր տարի առաջ, շատ մարդիկ էին գնում Պիրենայի աղբյուրի մոտ և շատ անգամ, այն հուսով, որ ինչպես լինի՝ գոնե մեկ անգամ նայեն Պեգասի վրա։ Իսկ գնացողներն ավելի ջահիլ մարդիկ էին լինում՝ երիտասարդ և պատանի, որոնք ամենից շատ էին հավատում, թե՝ կան թևավոր և հրեղեն ձիաներ։ Բայց վերջին ժամանակները Պեգասը շատ հազիվ էր երևում։ Աղբյուրից մի կես ժամու չափ հեռու եղած գյուղացիք իրանց օրումը տեսած չէին Պեգասին և ոչ էլ հավատում էին, թե՝ կարող է լինել այնպիսի մի հրաշալի ձի։ Այժմ Բելլերոֆոնի հետ խոսող գյուղացին նույն չհավատացողներից էր. սրա համար էլ շատ խնդաց, երբ ասացին, որ իբր թե՝ Պեգասը գալիս է Պիրենայի աղբյուրից ջուր խմում։
– Այ քեզ բա՜ն… ինչե՜ր են հնարել,– բացականչեց նա, տափակ քիթը վեր ցցելով, և սկսեց քրքջալ։– Պեգա՜ս ձի, և այն էլ՝ թևավո՜ր… Բարեկա՛մ, երևում է, որ խելքդ կորցրել ես,– ասաց նա երիտասարդին։– Թևերն ի՞նչ հարկավոր են ձիուն։ Մի՞թե թևավոր ձին ավելի լավ բեռ կկրե։ Ճշմարիտ, էլ պայտելու ծախս չէր ունենալ նրա տերը, բայց ի՞նչ օգուտ դրանից։ Կերթար գոմը, որ Պեգասին դուրս քաշեր այնտեղից, բայց մեկ էլ տեսար՝ քո Պեգասդ… թը՜ռռռ… այսօր ես կորել, թե էգուց։ Դե հիմա հետևիցն ընկիր, տեսնեմ՝ որտե՞ղ պիտի գտնես նրան։ Մի օր կհեծնի, որ երթա ջաղաց, մեկ էլ տեսար՝ քո Պեգասդ թը՛ռ, թը՜ռ-թը՜ռ… դեպի երկինք, և այնտեղից իր տիրոջը թը՜րրա՜խկ… դեպի գետին, այն էլ՝ գլխիվայր, կլտիպո՜ւզ[4], գլըխկոնծի… Չէ, չէ, եղբա՛յր, մի՛ հավատար, պեգաս-մեգաս չկա։ Աշխարհքումս թռչնաձի չի եղել և չի էլ լինիլ երբեք։
- ↑ Այնումը չգցել - ուշադրություն չդարձնել, անտարբեր լինել
- ↑ Չափ ընկնել - արշավասույր վազել
- ↑ Գջլել - պոկել, խլել, կորզել
- ↑ Կլտիպուզ - գլուխկոնծի