արած՝ երկուտակվում էր և սկսում պտտվել չարխի պես։ Վերջապես շատ բաներ արավ, տեսավ, որ հնար չի լինում, չի կարողանում վայր գլորել Բելլերոֆոնին, վիզը թեքեց և, կրակոտ աչքերը վրան ձգելով, դունչը մեկնեց, որ կծե։ Նա այնքան թափ տվավ իր թևերը, որ նրանցից մի արծաթագույն փետուր գջլվեց և ընկավ հենց այնտեղ, ուր կանգնած էր գանգուրիկ տղան։ Նա իսկույն վեր առավ պահեց՝ իբրև Պեգասից և Բելլերոֆոնից մնացած հիշատակ։
Երբ որ Պեգասը, ինչպես ասացինք, ատամները սրած, դունչը մեկնեց, որ մեկ լավ կծե, Բելլերոֆոնը նրա այս դրությունից օգուտ քաղեց և կախարդված սանձի երասանակը ձգեց իսկույն թևավոր ձիու բերանը։ Եվ, ո՜վ հրաշք, Պեգասն իսկույն հանդարտվեց և դարձավ բոլորովին ձեռնասովոր մի ձի։ Ուղիղն ասեմ, ես շատ կափսոսայի և կցավեի՝ տեսնելով մարդուն հպատակած այնպիսի մի ազատ թռչնաձին, ինչպիսին Պեգասն էր։ Այս հանկարծական փոփոխությունը ազատությունից դեպի ստրկություն անզգալի չէր Պեգասի համար։ Նրա՝ դեպի Բելլերոֆոնն ուղղած խելոք աչքերի մեջ արտասուքի պես բան երևացին։ Բայց երբ որ երիտասարդն սկսեց փաղաքշելով շփել նրա գլուխը և մի քանի քաղցր ու խաղաղացնող խոսքեր ասել, թեև տիրողի եղանակով, այն ժամանակ թևավոր ձին ուրախության վրնջյուն բարձրացրեց։ Նա կարծես բավական մնաց իր ներկա վիճակից, որ ինքը, այնքան դարերից հետո, վերջապես մի ընկեր ու հրամայող ունեցավ։ Երևի այսպես է որոշված բոլոր թևավոր ձիաների ճակատագիրը և առհասարակ բոլոր վայրենի կենդանիների։ Հենց որ մի անգամ նվաճեցիր նրանց և տերը դարձար՝ նրանք այնուհետև կհպատակվեն քեզ և կընտելանան քեզ հետ։
Պեգասն ու Բելլերոֆոնը, իրար հետ կռվելիս, աննկատելի կերպով շատ հեռու էին թռել, մինչև հասել էին մի բարձր սարի։ Բելլերոֆոնն առաջ էլ էր տեսել այն սարը, գիտեր, որ նրա անունը Հելիկոն էր, գիտեր նմանապես, որ Պեգասը սովորաբար նրա գագաթի վրա էր արածում։ Բայց ձեռնասովոր դարձած թևավոր ձին այժմ զրկված էր իր ազատ կամքից, նա չէր համարձակվում թռչել դեպի իր ուզած կողմերը և շարունակ ետ էր մտիկ տալիս, կարծես կանգ առնելու հրաման լիներ ուզելիս։ Վերջապես նա հանդարտ կերպով թռիչքն ուղղեց դեպի գետինը՝ անհամբեր սպասելով, թե՝ ե՞րբ կիջնի արդյոք իրանից հեծյալը։ Բելլերոֆոնը ցած թռավ նրա մեջքիցը, բայց ձեռքից չթողեց նրա սանձը, որ պինդ փաթաթել էր ձախ ձեռքի դաստակին։ Պեգասն անընդհատ նայում էր իր նոր տիրոջ վրա։ Նրա սիրուն և ազդու աչքերի մեջ երևում էր այնպիսի հեզություն, որ Բելլերոֆոնի խելքը տանում էր։ Նա սկսեց խղճալ գերի ընկած Պեգասին, որ դարերով ազատ էր ապրել, և վճռեց արձակել նրան ու ազատ թողնել։ Մեծահոգության զգացմունքով սաստիկ ոգևորված՝ նա կախարդական սանձը ձգեց նրա վզովը և բերանից հանեց երասանը։
– Գնա՜, Պեգա՛ս,– ասաց նա։– Դու ինձ հարկավոր չես, եթե ես սիրելի և հաճելի չեմ քեզ։
Թևավոր ձին մի ակնթարթում անհայտացավ նրա աչքից։ Նա Հելիկոնի գագաթից դեպի վեր սլացավ բազեի նման շեշտակի։ Արևն արդեն վաղուց էր մայր մտել, ներքևում, երկրի վրա մութն էր, իսկ սարի վրա՝ դեռ վերջալույս։ Պեգասը թռավ ամպերից էլ բարձր և կարծես դողում էր այնտեղ արևի վերջին ճառագայթներից անդրադարձած ծիրանեգույն լույսի անաղոտ ալիքների մեջ։ Դեպի վերև թռչելով՝ ներքևից երևում էր նա մի պսպղուն կետի չափ և վերջապես բոլորովին անհետացավ երկնքի անհատակ կապ-