Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երորդ օրը հասավ մի լեռան ստորոտ, ուր կար ճոխ արոտամարգ և նրանում մի հատիկ ծառ։ Ծառի տակին նստած էր շատ զառամած մի ծեր կրոնավոր։ Նրա երեսը ծածկվել էր երկար մազերի և խիտ ունքերի մեջ։ Մորուքը շատ երկայն էր և սպիտակ, ինչպես նոր գզած բուրդը։ Ձեռներն ու ոտները չափից դուրս նիհար էին։ Ձեռքի ու ոտի եղունգները՝ շատ երկարած։ Ձախ ձեռքով նա գցում էր տերողորմյան (համրիչը), իսկ աջը պահած էր անշարժ՝ ճակատի բարձրության հավասար։ Այդ ծերունին, անշուշտ, մի ճգնավոր էր՝ աշխարհից հեռացած, ով գիտե, որքան ժամանակ առաջ։

Եվ որովհետև սա առաջին պատահած մարդն էր քսաներորդ օրում՝ սրա համար արքայազն Ֆարիդը իջավ ձիուց և, կապը բռնած, մոտեցավ կրոնավորին և ասաց նրան.

— Ողջո՛ւյն քեզ, ո՜վ սուրբ մարդ։

Ծերունին պատասխանեց նույնպես ողջույնով, բայց նրա ձայնն այնպես էր խլացել խիտ ընչացքների[1] ու մորուքի մեջ, որ Ֆարիդը ոչինչ չհասկացավ։

Այդ ժամանակ Ֆարիդը մտածեց, թե. «Ինչպե՞ս անեմ, ուրեմն, որ ես հասկանամ սրա ասածը, չէ՞ որ սրա տված հրահանգով պիտի շարունակեմ իմ ճանապարհորդությունս»։ Այսպես մտմտալով՝ իր մախաղից[2] հանեց մի մկրատ և, մոտենալով ճգնավորին, ասաց.

— Ո՛վ պատվարժան քեռի, թույլ տուր ինձ մի քիչ խնամք տանել քեզ վրա, քանի որ ինքդ, ընկղմված լինելով սուրբ մտքերի մեջ, ժամանակ չունիս ուշք դարձնելու քեզ վրա։— Եվ տեսնելով, որ ծերունին հակառակ չէ, Ֆարիդը սկսեց կարգի գցել նրա մորուքը, բեղերը, ունքերը, եղունգները, խուզելով ու կտրատելով նրանց ավելորդ երկարությունը, որով երիտասարդացրեց ծերունուն մի քսան տարով։

Այս ծառայությունն անելուց հետո սափրիչների սովորությունով ասաց.

  1. Ընչացք - բեղ
  2. Մախաղ - տոպրակ, պայուսակ