Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետք է ուշ չդարձնես, պետք է չլսես այդ ձայները, իսկ եթե վախենաս և ետ նայես՝ դու կդառնաս այն սև քարերից մեկը, որոնցով լիքն է սարի վերելքը։ Իսկ եթե չես լսիլ նրանց՝ կբարձրանաս սարի գագաթը, այնտեղ կտեսնես մի վանդակ, միջին թառած Խոսող Թռչունը։ Եվ կասես նրան. «Ողջո՜ւյն քեզ, ո՛վ Հազարան Բուլբուլ։ Որտե՞ղ է Երգող Ծառը, որտե՞ղ է Ոսկեցնցուղ Ջուրը»։ Խոսող Թռչունը կպատասխանի քեզ. «Բարո՛վ ես եկել…»։

Այս բոլորն ասելուց հետո ծերունի կրոնավորը խոր շունչ քաշեց և դրանից հետո լռեց։

Ֆարիդը ծերունու խրատը լսելուց հետո ձին հեծավ և բոլոր ուժով առաջ նետեց գրանիտե գնդակը և ձին հետևիցը քշեց։ Գրանիտե կարմիր գնդակը գլորվում էր թռչկոտալով։ Կանգ չառնելով ոչ մի խոչ և խութի առջև՝ Ֆարիդի ձին, որ մի կայծակ էր բոլոր ձիերի միջին, հազիվ էր կարողանում գնդակին հետևել։ Այսպես սրարշավ գնացին գնդակն ու ձին, մինչև դիպան սարի առաջին ժայռին։ Այստեղ հանգիստ առավ գնդակը։

Ֆարիդն իջավ ձիուցը և սանձը կապեց գնդակից, ինչպես ասել էր ծերունին։ Ձին կանգ առավ այնտեղ մեխվածի պես, իսկ ինքը սկսեց բարձրանալ սարնիվեր։ Սկզբում ոչինչ չէր տեսնում, բայց քանի վերև գնաց, այնքան ավելացան գետնին փռված սև-սև քարերը։ Ֆարիդը չէր իմանում, որ դրանք իր նման երիտասարդներ են եղել և այդտեղ են քար դարձել մի աներևույթ զորության ազդեցությամբ։ Այդ քարերի մոտով բարձրանալիս հանկարծ մի այնպիսի ձայն լսեց, որի նմանը նա չէր լսած իր կյանքումը։ Առաջին գոչյունին հետևեցին այս ու այն կողմից զանազան աղաղակներ, որոնք նմանություն չունեին երկրային աղաղակներին։

Այդ գոռուն-գոչյունը, ինչպես ասել էր ծերունին, նման չէին անապատում փչող հողմերին, նման չէին անդունդներ թափվող ջրվեժներին, նման չէին սելավներից առաջացած, լեռների գագաթներից հոսող ջրհեղեղներին, որոնց և մեն մի կաթիլը և մեն մի ալիքը իր սեփական ձայնն ունի, և բոլորը լինում է բյուրավոր ձայների մի խառնուրդ։ Այդ ձայներն աներևույթ ձայներ էին։ Նրանցից շատերը հարցնում էին. «Ի՞նչ ես ուզում»։ Մյուսները. «Բռնեցե՛ք դրան։ Սպանեցե՛ք։ Գցեցե՛ք անդունդը»։ Շատերն էլ ծաղրում էին. «Հո՜, հո՜, հո՜… հո՜ւ, հո՜ւ, հո՜ւ…»։ Փաղաքշում էլ էին՝ ասելով. «Ի՜նչ սիրուն երիտասարդ ես, ե՛կ մեզ մոտ, ե՛կ մեզ մոտ…»։

Բայց Ֆարիդը, ուշ չդարձնելով այդ ձայների վրա, շարունակում էր վեր բարձրանալ։ Իսկ ձայներն ավելանում էին և զարհուրելի դառնում։ Երբեմն գոչողների շունչը դիպչում էր նրա երեսին, և այնքան սոսկալի կերպով էին որոտում աջից ու ձախից, առջևից ու քամակից, այնքան սպառնալից և համառ էր նրանց գոչը, որ Ֆարիդը դողում էր ակամա։ Մոռանալով ծերունու խրատը՝ նա մի զորեղ և հանկարծական գոռոցի ազդեցությամբ ետ շրջվեց։ Այդ իսկ վայրկյանին մի սոսկալի ոռնոց բարձրացավ հազարավոր ձայներից, իսկ դրանից հետո տիրեց խորին լռություն։ Արքայազն Ֆարիդը դարձավ մի սև բազալտի ժայռ։ Լեռան ստորոտում ձին էլ դարձավ մի անձև քարաժայռ։ Իսկ գրանիտե կարմիր գնդակը ետ դարձավ՝ գլորվելով ծերունու մոտ։

Ֆարիդի հետ պատահած այս աղետի օրը Ֆարիզադան, ըստ սովորության, հանեց եղբոր դանակը պատյանից, որ միշտ կախած ուներ գոտիկից և, նայելով վրան, երեսի գույնը նետեց՝ տեսնելով, որ դեռ երեկ այնքան փայլուն սայրը գունատվել ու ժանգոտվել է։ Եվ սկսեց ողբալով գոչել.

188