Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ մի առանձին սենյակ է շինել նավի մեջ՝ մտածելով, թե ես չեմ հավատում, որ ջրհեղեղ կլինի, բայց ո՞վ գիտե, բան է, եթե լինի՝ ես կմտնեմ իմ սենյակս։ Եվ ի՞նչ ես կարծում։ Գալիս է ջրհեղեղը, այդ մարդն էլ մտնում է իր սենյակը, բայց որովհետև արդար չի լինում՝ առաստաղը խորտակվում է անձրևներից, և այնքան ջուր է թափվում մեջը, որ նա իր շինած ամենից ամուր սենյակումը խեղդվում է։ Նով նահապետը շատերին է ուզում ազատել, բայց ամենի սիրտն էլ քարանում է, ոչ ոք չի լսում նրան։ Մի պառավ կնկա ասում է. «Նանե՛, եկ մեր նավի մեջը մտիր, հիմա որտեղ որ է՝ ջրհեղեղ կլինի», իսկ նա պատասխանում է. «Դեռ սպասեցե՛ք, ես հաց եմ թխում»։ Բայց ի՞նչ, դեռ հացը թոնրումը, մեկ էլ տեսնում է՝ հրես թոնրի միջիցը ջուր է, որ քլթքլթալի դուրս է գալիս։ Պառավն այնպես շշկլվում է, որ գլխիվայր ընկնում է թոնրի մեջն ու խեղդվում։

– Ես հիմա հիշում եմ, նանե՛, որ դու մեկ անգամ ասացիր, որ այդ արդար մարդը մեր նախահայրն է, մեր մեծ պապը։

– Իհա՛րկե, նա մեր նախահայրն է, մեր նահապետն է։ Նա մեր Մասիս սարի վրա է ազատվել ջրհեղեղիցը, մեր աշխարհումն է ապրել, մեր աշխարհումը թաղվել։ Բայց որովհետև աշխարհիս բոլոր մարդիկը, բոլոր ազգերն ու ցեղերը նույնպես նրանից են հառաջ եկել, այդ պատճառով նա ամենքի նախահայրն է, մենակ մերը չէ։ Միայն, իհարկե, մեծ բաժինը մերն է. որովհետև մեծ նավը մեր սարի վրան է՝ մեծ պապը մեր երկրումն է թաղ-