Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չի քլքլում, մարդ, անասուն սովամահ են լինում։ Ասում է՝ այդ նոր երկրումը դժվար թե սով պատահի, եթե ճշմարիտ է այն ամենը, ինչ որ ասում են։ Լավ կլինի, ուրեմն, որ եթե այդ երկրի միջումը չլինինք՝ գոնե նրա սահմանի վրա լինինք, նրանից մոտիկ լինինք։

Սրա վրա որդիքն ասում են. «Հայր, դո՛ւ գիտես։ Երբ որ դու կամենում ես՝ մենք ի՞նչ կարող ենք ասել»։ Եղբայրներն էլ ասում են՝ մենք էլ կգանք քեզ անց կկացնենք։ Մյուս օրը պատրաստություն են տեսնում, վրանները կարկատում, շինում են, աման, չաման, շորեղեն կապում են, մափռաշներում[1] դարսում, կապոտում, էշերը, ջորիքը բարձում, ձիանոնց վրա էլ իրանք նստում, ոչխար, տավար առաջներն անում, ճամփա ընկնում։

Երբ որ մեր պապը ճանապարհ է ընկնում՝ նրա հետ շատերն են քոչում։ Ասում են՝ Հայկն խելոք մարդ է. եթե նոր երկիրը լավ չլինի՝ նա չի գնալ։ Մի հարյուր հոգի հենց Հայկի տանը կլիներ, մի քանի ուրիշ տուն էլ որ նրա հետ միանում են, ով գիտե՝ քանի՛ հարյուր հոգի են դառնում։

Սրանք խումբ-խումբ, տավարը ջոկ, ոչխարը ջոկ, հորթերը ջոկ՝ որ կովերին չծծեն, ձիավորները ջոկ, բեռնավորները ջոկ, կռունկների պես կարգով ճանապարհ են ընկնում ու կամաց-կամաց, այստեղ, այնտեղ իջնելով, գետերի, աղբյուրների ափերին կամ արոտներում օրերով հանգստանալով՝ հասնում են մինչև նոր երկրի սահմանը։ Այդ նոր երկիրն ասվում է «Միջագետք», այսինքն՝ գետերի մեջ եղած երկիր։ Այսպես նրա համար է ասվում, որ այն մեծ դաշտը, ուր գնում էին, երկու մեծ գետերի՝ Տիգրիսի ու Եփրատի արանքումն էր։

Ահա այդ դաշտի հյուսիսային սահմանի վրա եղած լեռների ստորոտումն են իջնում։ Երկար ժամանակ այդտեղ մնալուց հետո, երբ որ լավ ծանոթանում են իրանց գնալու երկրին՝ վայր են իջնում լեռներիցը և մտնում են դաշտի մեջ։

4

Ճշմարիտ որ այդ դաշտը ամենայն բարությունով լիքն էր։ Մարդիկն իրանց մի օրվա աշխատանքը մեկ ամիս հանգիստ նստած վայելում էին։ Բայց այդ հանգստության ժամերը զուր չէին անց կացնում, այլ՝ լավ-լավ բաների վրա էին խոսում, մտածում, ուրախություն անում, զվարճանում։ Զանազան տեղերից հավաքված մարդիկը այնքան սիրում էին միմյանց, ինչպես շատ տարի իրար չտեսած, իրար կարոտ քաշած հայր ու որդի, եղբայրներ, քույրեր։ Այնքան միաբան, այնքան սիրով էին, որ, ինչպես կասեն՝ գառն ու գայլը միասին էին արածում։ Մեր պապ Հայկին որ տեսնում են՝ այնպես են սիրահարվում վրան, որ սկսում են պաշտել։ «Ինչպե՞ս կարելի է,–ասում են,–որ այս հրաշալի պատկերի ու հասակի տերը, այս զարմանալի ճարտարությունն ու քաջությունն ունեցողը մեզ նման մի հասարակ մահկանացու լինի»։

Եվ, ճշմարիտ որ՝ մի հասարակ մահկանացու չէր մեր պապը։ Արմի՛կ ջան, Աստված պահի, դու որ մեծանաս՝ իսկ և իսկ նրա նման կլինիս։ Ամեն քեզ տեսնելիս՝ իսկույն միտս է ընկնում այն բոլորը, ինչ որ լսել եմ մեր պապի գեղեցկության մասին։ Հաստաբազուկ, լայնաթիկունք, բարձրահասակ, աչքերը քո աչքերի նման, մազերը՝ քո մազերի։ Նրա ձգած նետն ու պարսաքարը նշանից վրիպում չի եղել։ Այնքան ուժով է եղել, որ նրա գործ դրած զենքն ու զրահը ոչ ոք չի կարողանում եղել ո՛չ հագնել և ո՛չ գործ ածել։ Նրա խելքն ու ճարտարությունն էլ հետո կտեսնես։

Այսպես, ինչպես ասացի, այդ ընդարձակ դաշտի մեջ տարածված բոլոր մարդիկը իրար հետ շատ և շատ սիրով էին ապրում։

  1. Մափռաշ (մաֆրաշ) - կապերտից պատրաստված քառանկյուն պարկ, որի մեջ դարսում են իրեղեններ
215