Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հասեք, շուտով հասեք,
Մի լուր հասցըրեք։
Ասացեք՝ եկել են դեղնած բոստանչիք,
Արխաջրով[1] փորերն ուռած թուլուղչիք[2],
Սուր չը տեսած, բանից փախած փինաչիք,
Եկեք այս խեղճերին առողջացըրեք.
Հասեք, շուտով հասեք,
Մի լուր հասցըրեք։
Չեն ճանաչում արծիվն ագռավի շորում,
Չորս կողմից ծաղրում են ու կտցահարում,
Քյորօղլուն բռնելու թակարդ են լարում,
Եկեք սրանց գլխում մի խելք մտցըրեք.
Հասեք, շուտով հասեք,
Մի լուր հասցըրեք։

Քյորօղլու խաղի միտքը լավ հասկացան նրա բարեկամ լրտեսները և շտապեցին լուր տանելու նրա քաջերին։ Բայց Բոլի-բեգը ևս կասկածի եկավ, թե՝ սա ինքը չէ՞ արդյոք Քյորօղլին, և հարցրեց.

— Աշը՛ղ, այդ խաղը ե՞րբ է ասել Քյորօղլին։

Քյորօղլին պատասխանեց.

— Մի՞թե քեզ հայտնի չէ, խա՛ն, որ փադիշահը քանիցս անգամ ուզեցել է կալանավորել Քյորօղլուն. մեկ անգամ էլ Բոլի-բեգին է ուղարկում մեծ զորքով։ Քյորօղլին աշըղի հագուստով պատահմամբ ընկնում է նրա բանակը, ուր և ասում է այս խաղը, որով իմաց է տալիս իր քաջերին, թե ուր է ընկել ինքը, և նրանք էլ գալիս են ազատում։

— Այդ Բոլի-բեգը չի լինում, աշը՛ղ, այլ գուցե՝ Վելի-բեգը լինի եղած։ Բայց դու ա՛յս ասա, ինչո՞վ ես հաստատում, որ դու ինքդ չես Քյորօղլին, որովհետև ինքդ քեզ մատնում ես՝ խոստովանելով, որ Քյորօղլին երբեմն ծպտելով՝ աշըղություն էր անում։

— Խա՛ն, հենց այդպես էլ հարցրել է Բոլին, և տեսեք՝ Քյորօղլին ի՛նչ է պատասխանել.

Ինչով ուզես, Բոլի՛, ես երդում կուտեմ,
Որ ես մի խեղճ հայ եմ և ոչ Քյորօղլին.
Երկինք, գետինք, Աստված վկա կըկանչեմ,
Որ ես մի խեղճ հայ եմ և ո՛չ Քյորօղլին.
Հայ եմ, հա՜յ, հարա՜յ,
Հայ եմ, ուղիղ հայ։
Հայի ճեռին դու չես տեսնիլ սուր ու թուր,
Այդ բանն արգելել է մեր մեծն Այսմավուր[3],
Թեկուզ գլխիս թափես հազար թուք ու մուր՝
Ես մի անբախտ հայ եմ և ո՛չ Քյորօղլին.
Հայ եմ, հա՜յ, հարա՜յ,
Հայ եմ, ուղիղ հայ։

  1. Արխաջուր - առվի ջուր
  2. Թուլուղ - տիկ, թուլուղչի՝ ջրկիր
  3. Այսմավուր - Հայսմավուրք՝ եկեղեցական գիրք, որի մեջ տոնացուցային հաջորդականությամբ զետեղված են քրիստոնեական սրբերի և նահատակ-վկաների վարքերն ու վկայաբանությունները
231