Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փախուստ տվավ։ Փախավ և Բոլի-բեգը, բայց նրան շրջապատեցին և կալանավորեցին։ Քյորօղլին ազատեց նրան, միայն կանայքն առավ ձեռիցը և բաժանեց իր քաջերի մեջ վիճակով, ինքը չառավ ոչ մեկին, որ իր Նիգյարի սիրտը չպակսեցնե։ Բացի Նիգյարից, որին սիրում էր բոլոր սրտով, ուրիշ կին չուներ, թեպետ կարծում էին, որ նա շատ կանայք է պահում։

Այս փառավոր հաղթությունից հետո, երբ որ վերադարձավ տուն, Քյորօղլին մի փառավոր խնջույք տվավ, երգելով պատմեց Նիգյարին բոլոր անցքը և անուն-անուն գովեց իր քաջերին՝ մեկ-մեկ թվելով ամեն մեկի արածը։ Նիգյարն էլ, ի նշան շնորհակալության, մի ահագին բաժակ լցնում էր գինով և իր ձեռքով տալիս ամեն մեկին։ Գերի ընկած սիրուն տիկիններն էլ շատ ուրախ էին, որ, գերվելով, ազատվել են իսկական գերությունից, և փոխանակ ամենքը միասին մի վատուժ մարդ ունենալու՝ հիմա ամեն մեկը միայնակ կունենա մի հերոս։

Մեր քաջերն իրանց խնջույքը վերջացրին հետևյալ պարզ երգով, որ երգեցին ամենքը միատեղ՝ մի ուրախ եղանակով.

Հայրը պատերազմ գնաց,
Որդին ծածուկ հետևեց,
Հոր գլխին սուր պըսպըղաց,
Որդին նրան ազատեց։
Այ բա՜խտ, դրա՜խտ,
Դրա-րա-րա-րա՜խտ։

Հայրը որդուն գիրկն առավ,
Նրա ճակտից համբուրեց.
Որդին թուրը ձեռքն առավ,
Հոր թշնամուն խորտակեց։
Այ բա՜խտ, դրա՜խտ,
Դրա-րա-րա-րա՜ խտ։

Մայրը շատ ափսոսում էր
(Որդին էր դեռ պատանյակ),
Նրա համար հյուսում էր
Թարմ ոստերից մի պսակ։
Այ բա՜խտ, դրա՜խտ,
Դրա-րա-րա-րա՜ խտ։

Որդին եկավ հաղթական,
Հետն էլ բերավ դեռահաս
(Իր մոր համար օգնական)
Մի գեղեցիկ նորահարս։
Այ բա՜խտ, դրա՜խտ,
Դրա-րա-րա-րա՜ խտ։

236