Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Հայրը շոշափում է քարը և, ծանր ու թեթև անելով՝ նկատում է, որ քարը իր ծավալի համեմատությամբ շատ ծանր է։

— Մի՞թե այս քարը չի պսպղում,— հարցնում է որդուն։

— Այո՛, հայր,— պատասխանում է որդին։

«Սա կայծակ է»,— ասում է ծերունին իր մտքումը, բայց որդուց գաղտնի է պահում այդ։ (Այն ժամանակները մթնոլորտից վայր ընկած մետաղախառն քարերը համարվում էին երկնքից վայր ընկած կայծակ)։

Ծերունին վերցնում է այդ քարը և գնում է մի ուրիշ գյուղ, որտեղ թուր շինող լավ վարպետներ են լինում, որ նորագյուտ մետաղից մի թուր շինել տա։ Թուրը շինել տալուց առաջ, նույն կտորից մի բիզ է շինել տալիս և պահում մոտը։

Վարպետները շատ դժվարությամբ են կարողանում թուրը շինել, և երբ որ վերջացնում են՝ սկսում են փորձել նրա հատկությունը։ Խփում են գերանի, քարի, երկաթի, բոլորն էլ կտրատում է պանրի պես։

Այս որ տեսնում են վարպետները՝ մտածում են, որ թուրը սեփականեն և նրա տեղ մի հասարակ թուր տան։ Կույր ծերունին որ գալիս է թուրն ստանալու՝ նրան մի ուրիշ թուր են տալիս։ Ծերունին սկսում է շոշափել, փորձում է ճկունությունը, տեսնում է, որ պետք եղածի չափ չի ճկվում, գրպանից հանում է բիզը, որն այնպես է ծակում թուրը և անցնում մյուս կողմը, ինչպես ասեղը շորի միջով։

— Այս իմ թուրը չէ,— ասում է,— տվե՛ք իմ թուրը։

Վարպետները տեսնում են, որ կույրը վաղօրոք իր զգուշությունը բանեցրել է՝ թրի կտորից բիզ շինել տալով, տալիս են իսկական թուրը։ Ծերունին փորձում է բզովը, գտնում է անմատչելի. փորձում է ճկունությունը, գտնում է այնքան ճկուն, որ կարող է կլորել և դնել ծոցումը։

— Այս է ահա իմ թուրը,— ասում է և շինելու վարձը վճարում։

Երբ որ թուրը իր ձեռքով դնում է պատյանի մեջ՝ նա այնպես է ամրանում, որ էլ հանել չէր կարող, եթե ուզենար, բայց այդ չի իմանում ինքը։ Այդ խորամանկությունը բանեցրել էին վարպետները, որ ճանապարհին ձեռքիցը խլեն՝ իբրև անծանոթ ավազակներ։

Ծերունին ճանապարհ է ընկնում։ Ճամփի կիսումը վարպետները հասնում են հետևիցը և ուզում են թուրը խլել։ Ծերունին ուզում է պաշտպանվել, ուզում է թուրը պատյանից հանել, դուրս չի գալիս։

— Է՛հ, վնաս չունի, թող դուրս չգա,— ասում է ծերունին,— եթե սա իմ թուրն է՝ պատյանով էլ կկտրի։

Այս ասելով՝ վրա է բերում թուրը պատյանով, և երկուսի էլ գլուխը թռցնում է։

Այդ ժամանակները դեռ վառոդը չէր գտնված. քաջերի սահմանը իրանց թուրն էր։ Երբ որ ծերունու որդին՝ Ռուշանը, հասունացավ և հայտնի դարձավ Քյորօղլի (կույրի որդի) անունով, և հոր պատրաստած թրին տիրացավ՝ նա ոչ միայն շատ լավ հասկացավ նրա հարգը, այլ այնպես սիրահարվեց վրան, որ վերջը մի երգով գովաբանեց նրան, ինչպես և իր Ղռաթին։

Ահա՛ այդ երգը.

Իմ աչքիս լույս, իմ հոգիս, թո՛ւր,
Դու իմ անգին ալմազ մաքուր, թո՛ւր.

242