Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
4

Երեկոյին, երբ որ տուն դարձավ, կույրերի աչքերը դրավ իրանց տեղը, շփեց քաջքուհու աղլուխովը, և նրանք իսկույն առողջացան։ Փաթաթվեցին Թաթուխին և, փոխ առ փոխ համբուրելով, չգիտեին ինչպես հայտնեն իրանց շնորհակալությունը և սրտների ուրախության անչափությունը։

Այս դեպքից սիրտ առած՝ մյուս օրը Թաթուխն իր հոտը քշեց դեպի աջակողմյան սարը։ Հենց որ սարի գագաթը հասավ, մի ահագին մռնչյուն լսեց, նույնը լսեցին և ոչխարները և դողդողալով սկսեցին ետ-ետ քաշվիլ։ Թաթուխը չկտրեց նրանց առաջը, բայց ուզեց ի՛նքն աչքովը տեսնել, թե ինչ գազան էր այդ մռնչողը։

Գնաց ձայնի ուղղությամբ, մինչև հասավ մի քարայրի, որի դռանը նստած մռնչում էր իրան անծանոթ մի գազան։ Եթե ասեր՝ առյուծ է, առյուծ չէր, եթե ասեր՝ վագր է, վագր չէր, եթե ասեր վարազ է, վարազ չէր, բայց ինչ որ էր՝ մի սարսափելի գազան էր և իր կազմվածքովը ավելի շան նմանություն ուներ, միայն՝ շանից տասնապատիկ մեծ։

Մինչդեռ Թաթուխը, մի քարի տակ թաք կացած, գազանին էր մտիկ տալիս, գազանն արդեն վաղուց էր նկատել նրան։

― Է՜յ մարդ,― կանչեց գազանը մարդկային լեզվով,― ես ծնունդի վրա եմ, կարող չեմ տեղիցս շարժվիլ, ե՛կ ինձ ծնեցրու, մի՛ վախենար, քեզ մի վնաս չի լինիլ։

Երբ որ գազանը մարդու լեզվով խոսեց, Թաթուխը սիրտ առավ՝ ասելով մտքումը. «Մարդու լեզվով խոսողը մարդու խղճմտանք էլ կունենա, գնամ ազատեմ»։

Թաթուխը երբ որ մոտեցավ գազանին, գազանն ասաց.

― Եթե ջուխտ ծնեմ՝ քեզ ուտելու եմ, իսկ եթե կենտ՝ կյանքդ քեզ կընծայեմ։

― Դո՛ւ գիտես,― ասաց Թաթուխը,― յա՛ բախտ, ինչ կլինի՝ կլինի։

Գազանի ցնկնած առաջին կորյունը Թաթուխը ձգեց իր հովվական պարկի մեջ, երկրորդը՝ նմանապես, երրորդից հետո տեսավ, որ էլ չկա, այն դրավ գազանի առաջին և ասաց.

― Ահա՛ այս մեկն ես ցնկնել, և կարժե՞ր միթե սրա համար այդչափ մռնչալ։

Գազանն ամաչեց իր գազանությունից.

― Գնա՛,― ասաց,― կյանքդ քեզ եմ նվիրել, և եթե քո հոտն այս կողմը բերես, կարող ես ապահով լինել իմ կողմից, քեզ մի վնաս չի լինիլ։

5

Թաթուխը տուն տարավ նորածին լակոտները, որոնց աչքերը դեռ խփած էին, ու նրանց կերակրեց ոչխարի կաթով։ Այդ լակոտները մեծացան ու դառան իբրև ամենահավատարիմ շներ իր համար։

Թաթուխը նրանց մեկի անունը դրավ Զանգի, մյուսինը՝ Զրանգի։ Երբ որ մի տեղ էր գնում, տանում էր հետը, իսկ տանը եղած ժամանակ նրանց պահում էր շղթայակապ։

Սրա վրա անցավ տասը տարի կամ մի քիչ ավելի կամ պակաս, այդ Աստված գիտե. Թաթուխն ուզեց գնալ դեպի իր ծննդարանը, որ տեսնե՝ ի՞նչ վիճակի մեջ են այժմ իր ծնողները։ Իր այս միտքը հայտնեց իր նոր հորն ու մորը, նրանք էլ կամք տվին այն հուսով, որ շուտով կվերադառնա։ Թաթուխը մի աման կաթով լցրեց, դրեց թարեքին[1] և հորն ու մորն ասաց.

  1. Թարեք - պատին ամրացրած հորիզոնական տախտակ վրան զանազան իրեր դնելու համար, դարակ
24