Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

― Ուրեմն, շներն ի՛մն են,― ասաց քարվանի տերը,― կապիր դրանց և տուր ինձ։

― Սպասի՛ր, դեռ էլի մտածեմ,― ասաց Թաթուխը.― մի ծառի անուն գիտեմ, ահա՛ լեզվիս ծայրին է, բայց ուղիղ միտս չի գալիս, որ ասեմ․ ես հաստատ գիտեմ, որ ա՛յն պիտի լինի։

Այս միջոցին ծոցումը մի բան սկսեց ճրրալ ու վերջը որոշ ձայնով ասաց. ― Ճրրր… ճրրր ճա՛պկի[1], ճրր ճա՛պկի, ճա՛պկի։― Այս ասողը ծոցումը դրած արյունի կաթիլն էր։

― Գտա՜, գտա՜,― բացականչեց Թաթուխը և, գավազանից բռնելով, ասաց,― ճապկի է։

― Գտա՛ր,― ասաց քարվանի տերը,― քեզ արժանի է իմ քարվանը։

― Բոլոր քարվանդ ինձ հարկավոր չէ,― ասաց Թաթուխը,― ես մի հովիվ մարդ եմ, վաճառական չեմ. մի բեռը շորեղեն տուր, տանեմ ինձ համար աղջիկ ուզեմ, պսակվեմ, այդ էլ բավական է ինձ։

Քարվանի տերն ընտրեց ընտիր ճոթեղեն[2] և, ինչ զարդ ու զարդարանք որ պետք էր հարսի ու փեսայի համար, բարձեց մի ջորու վրա և տվավ Թաթուխին։

Մի քիչ որ հեռացավ Թաթուխը՝ տեսավ, որ ծոցումը մի բան է պրպտում։ Ձեռքը ներս տարավ, որ տեսնի՝ ի՞նչ է, և դուրս քաշեց մի ահագին օձ։ Արյունի կաթիլը դառել էր օձ և գլուխն արդեն հանել էր և մեկնել դեպի Թաթուխի բուկը։ Թաթուխը դեն շպրտեց այդ օձը, որ ամեն մի վայրկյանում հաստանում և երկարում էր, որ վիշապ դառնա, և ասաց իր շներին.

― Զանգի-Զրանգի, հենց հո՛ւպ տվեք, հենց կո՛ւլ տվեք, որ մի պուտ արյուն չկաթի։

Շներն այսպես էլ արին և վիշապ աղջկա հետքը կտրեցին։

Թաթուխը հասավ տուն՝ ամեն բարիք բարձած ջորուն։ Իր համար աղջիկ ուզեց, պսակվեց։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

  1. Ճապկի - հոնազգիների ընտանիքին պատկանող ծառ
  2. Ճոթեղեն - կտորեղեն