Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
2

Եղանակը ամառային էր, և տարին՝ երաշտ։ Բայց ջրարբի և դալարագեղ հովիտը մի լեռնային տեղ էր և շատ գեղեցիկ ամարանոց խաշնարած ժողովրդի համար։

Սովդաքարի ծառան, երբ որ երեխային բոլորովին հեռացրեց քարվանից և անցավ մի բլրակի քամակ, այստեղ տեսավ հոտերով ոչխարներ և սկսեց մտածել ինքն իրան.

- Ո՛չ, անիրա՛վ աղաս, ես քո անգութ հաճույքը կատարել չեմ կարող։

Այսպես մտածեց ծառան, և երեխային մի թփի տակ դնելով՝ նրա պահպանությունը հանձնեց Վերին Նախախնամության։

Ոչխարի հոտը հեռու չէր։ Ծառան դիմեց հովիվներին, գնեց մի փոքրիկ ուլ, մորթեց և սիրտն ու թոքը հանելով՝ տարավ իր աղային։ Սովդաքարը խորովեց, կերավ և միամտվելով՝ շարունակեց ճանապարհը։

3

Ոչխարի հոտը, կամաց-կամաց սփռվելով հովտի մեջ՝ հասավ այն թփին, ուր դրված էր երեխան։ Մի կթի այծի ծծեր այնքան լցվել էին, որ քիչ էր մնում տրաքվեին, մի ծծկեր կենդանի էր փնտրում, որ թեթևացնել տար իր ծանրությունը։ Նա որ տեսավ երեխային թփի տակ, ուլի պես հեկեկալիս՝ իսկույն մոտեցավ և ծիծը դրավ բերանին։ Քաջառողջ և ուժեղ մանուկը սկսեց ծծել այնքան, որ բոլորովին դատարկեց այծի ծծերը։ Թե՛ այծը և թե՛ մանուկը հավասարապես գոհ մնացին այս անակնկալ դեպքից։ Այս բանը սովորություն դարձավ այծի համար. ամենայն օր միևնույն ժամին, ուր էլ որ լիներ հոտը, նա ջոկվում էր և վազում դեպի մանուկը, որ ծիծ տա նրան։

Այս կթի այծը պատկանում էր մի պառավի։ Պառավը մի քանի օր վրա-վրա զրկվեց կաթից. այծը գնում էր տուն դատարկ կրծքով։ Շատ նեղացավ պառավը և գնաց հովիվների հետ կռվեց։

- Դո՛ւք եք կթում իմ այծը,- ասում է պառավը և մեղադրում հովիվներին։

Իսկ հովիվները պատասխանում են.

- Երկի՛նք, գետի՛նք, մենք տեղեկություն չունինք։ Մենք որ կթելու լինինք, քո միակ այծը չենք կթիլ, այլ՝ նրանցը կկթենք, որոնք մեկի տեղ մի քանիսն ունին։ Բայց քո այծը սովորություն է արել հանկարծ անհայտանալու։ Մեկ էլ նայում ենք, որ՝ չկա. ուր է գնում՝ չգիտենք։ Կուզես՝ մեկ օր ե՛կ, դու ինքդ տես աչքովդ, որ հավատաս։

Պառավը մեկ օր այծի հետ գնաց ոչխարը և աչքը չհեռացրեց նրանից։ Կեսօրի մոտ ժամանակը, երբ այծի կուրծքն արդեն լցվել էր, նա սուս ու փուս քաշվեց դեպի մանուկը։ Պառավն սկսեց հետևել նրան։ Այծը կանգ առավ մի թփի տակ և երկար մնալուց հետո վերադարձավ դատարկ կրծքով։ Պառավը մոտեցավ թփին և տեսավ մի հրաշագեղ երեխա։ Պառավի ուրախությանն է՛լ չափ չկար։

- Այս լավ դառավ,– ասաց նա,– եթե մի քանի օր կաթից զրկվեցա, դրա փոխարեն Աստված ինձ մի որդի տվավ. կտանեմ, կպահեմ, կմեծանա, ինքն էլ ինձ կպահի։

Գրկեց երեխային, տարավ մոտիկ վտակում խշխշալի լողացրեց, փաթաթեց իր չարսավում և, ստեպ-ստեպ[1] համբուրելով՝ տարավ տուն։

Տղան մեծացավ և իրավի՛, դառավ պառավի ծերության նեցուկը, նրա պահապանը։

  1. Ստեպ-ստեպ - շարունակ, անդադար, հաճախակի
45