Թիֆլիս քաղաքի փողոցով մի մարդ էր գնում դեպի քաղաքի շուկան՝ ձվով բարձած մի էշ առաջը գցած։ Նրա հետևից էլ մի ուրիշ մարդ մի գիժ եզն էր առաջն արած տանում դեպի սպանդանոց։ Եզնատերը բղավում է իշատիրոջը.
— Իշիդ կապը բռնի՛ր, մի կո՛ղմ քաշվիր․ եզս գիժ է, հարու կտա[1]։
Մի քանի անգամ կանչում է այսպես, բայց իշատերը չլսելն է դնում, մինչև եզը հասնում է և իր եղջյուրներով զարկում կթոցներին ու վայր գլորելով կոտրտում ձվանը։ Այս ժամանակ իշատերը բռնում է եզնատիրոջ օձիքը և տանում դատարան։
Այս դեպքին ներկա էին շատ մանուկներ և նայում էին նրանց կռվին։ Մանուկներից մեկը՝ մի աշխույժ և կայտառ երեխա, երբ տեսավ, որ դրանք դատաստանի են դիմում, նրանց հետևից կանչեց.
— Եզնատերը համրանա՛, եզնատերը համրանա՛։
Այս խոսքն իմացավ եզնատերը և, երբ դատավորի մոտ գնացին, իշատերն իր գանգատն արավ, վնասը պահանջեց, դատավորը դարձավ եզնատիրոջը և հարցրեց, թե ի՞նչ ունի ասելու, նա իրան համր ձևացրեց և ձեռքով հասկացրեց դատավորին, որ լեզու չունի։
— Այս մարդը համր է,— ասաց դատավորը,— դու վկաներ բեր, որ քո գանգատը ուղիղ է։
— Տե՛ր իմ,— պատասխանեց իշատերը,— սա սուտ է համր ձևանում, ընդհակառակն՝ քանի անգամ բղավեց հետևիցս, թե՝ մի կո՛ղմ քաշիր էշդ, եզս գիժ է, հարու կտա…
— Շա՛տ լավ, ինչո՞ւ ուրեմն չկատարեցիր այդ մարդու ասածը, ուրեմն, էլ ի՞նչ ես ուզում սրանից։
Հետո դատավորը եզնատիրոջը հարցրեց, թե՝ ինչո՞ւ է համրանում, քանի որ խոսել գիտե։
— Տե՛ր իմ, այս իմ խելքի բանը չէր,— պատասխանեց եզնատերը,— այլ՝ Աստուծո ողորմությունն էր, որ ինձ վրա հասավ մի երեխայի բերանով։ Երբ որ այս մարդը ինձ քաշքշելով ձեզ մոտ էր բերում, մի շնորհալի մանուկ կանչեց հետևիցս. «Եզան տերը համրանա՛»։ Ես էլ նրան լսելով համրացա, և ահա, ինչպես տեսաք, այդ մարդն իր բերանով խոստովանեց, որ ես քանի անգամ կանչեցի իրան, թե՝ էշդ մի կո՛ղմ քաշիր, եզս գիժ է։
- ↑ Հարու տալ - պոզահարել