Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խեղճ էին և թշվառ, նրանց էլ կանչում էր, մխիթարում, խրատում և հավաքած տուգանքներից մի բան տալիս, որ տանեն իրանց պակասությունը հոգան։

Հենց ա՛յս միջոցին Մանուկ-խանը նկատեց, որ մի մարդ, երեսի գույնը նետած՝ անց է կենում շտապ-շտապ, բռունցքը սեղմելով և պռոշները կծոտելով։ Իսկույն հրամայեց իր փառաշներին, որ բռնեն այն մարդին։ Մարդին բռնեցին և բերին Մանուկ-խանի առջևը կանգնացրին։ Այս մարդը Ավագ վաճառականն էր։

— Ի՞նչ մարդ ես դու և ո՞ւր ես գնում այդպես կատաղած,— հարցրեց Մանուկ-խանը։

Վաճառականը, տեսնելով, որ սա հանաք չի անում և պատրաստ է մինչև անգամ ծեծել տալու, ասաց.

— Խա՛ն, գլխիդ արևիդ մատաղ, ես մի գանգատ ունիմ, արդար դատաստան արա։ Այսինչ ժամանակ այսինչ մարդու ձեռքով ես Բաղդադից մի հրաշալի գոհար ուղարկեցի իմ կնոջ համար։ Երեկ երեկոյին եկա և իմացա, որ մարդը իմ ամանաթս տեղ չի հասցրել։ Այսօր գնացի իրան ասացի, նա թե՝ ես տվել եմ կնոջդ, նա որ շռայլ լինի և վատնե՝ ես ի՞նչ մեղավոր եմ։ Եվ սկսեց կնոջս վրա վատ-վատ բաներ խոսել։ Գնացի թագավորին գանգատվեցի, թագավորը կանչեց նրան, նա էլ՝ իր հետ երեք վկա բերավ, որոնք միաբերան հաստատեցին, որ մարդն իմ գոհարը տվել է կնոջս։ Ի՞նչ է մնում ինձ անել այժմ, թե ո՛չ մահու չափ պատժել կնոջս։ Ահա՛ և այն մարդիկը, որոնք անցնում են։

— Շա՛տ լավ,— ասաց Մանուկը։— Գրագիրնե՛ր, գրեցե՛ք այս մարդու գանգատը, իսկ դուք, փառաշնե՛ր, բռնեցե՛ք այն չորսին էլ և բերե՛ք այստեղ։

Փառաշները բռնեցին երբեմնի ծառա, իսկ այժմ՝ քաղաքի աղաներից մեկին և նրա երեք վկաներին։ Մանուկ-խանը հրամայեց, որ վկաներին հեռացնեն իրարից և ջոկ-ջոկ սենյակում փակեն։ Հետո դառնալով թազա հարուստին՝ ասաց.

— Այս մարդը քեզ ի՞նչ գոհար է տվել, ի՞նչ գույն ուներ, ի՞նչ ձև ուներ, ի՞նչ մեծություն, ի՞նչ ծանրություն և ի՞նչ զորություն։

Մարդն ասաց, որ գոհարը մի քար էր՝ կատվի աչքի չափ և նման։ Ցերեկը խավար էր երևում, իսկ գիշերը փայլում էր։ Թե ի՞նչ ծանրություն ուներ՝ չգիտեմ, չեմ կշռել, և թե ի՞նչ զորություն ուներ՝ նույնպես չգիտեմ, չեմ փորձել։

— Դո՛ւ ասա. ի՞նչ զորություն ուներ գոհարը,— հարցրեց վաճառականին։

— Իմ գոհարն այն զորությունն ուներ, որ ինչ դատարկ քսակում էլ դնեիր, իսկույն ոսկով կլցվեր,— պատասխանեց Ավագը։

— Շա՛տ բարի։ Իսկ դու ի՞նչ արիր այն գոհարը, հանձնեցի՞ր տիրոջը,— հարցրեց մեղադրվողին։

— Այո՛, հանձնել եմ,— պատասխանեց թազա հարուստը։

— Շա՛տ լավ, տարե՛ք սրան մի առանձին սենյակ և բերե՛ք վկաներից մեկին։

— Դու տեսա՞ր,— հարցրեց վկային,— որ այն մարդը այս մարդու կնոջը հանձնեց սրա ուղարկած ամանաթը։

— Այո՛,— պատասխանեց վկան։

— Ի՞նչ բան էր։

— Քար էր։

— Ի՞նչ ձև ուներ։

— Կլոր էր։

60