Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետն էր տանում, որ տեսնի, թե՝ որ տեսակ հիվանդին ի՛նչ տեսակ դեղով է բժշկում։ Դժվար հիվանդներին բերում էին կղզին և իրանց մոտ էին բժշկում։ Դրանք այնպիսի հիվանդներ էին լինում, որոնց պետք էր լինում վիրահատություն։ Պատահում էր, որ շատերի փորը կտրում էին, ներսի վերքերը մաքրում, վրան դեղ ածում, փորը նորմեկանց կարում, առողջացնում։ Այսպես անցավ մի ժամանակ, շատն ու քիչն Աստված գիտե, և Քաջիկը շատ բան սովորեց, բայց որքան շատ սովորեց, այնքան շատացավ սովորելու փափագը, և նրան այնպես էր թվում, թե դեռ ոչինչ չգիտե, որովհետև սկսեց իմանալ, թե ինչքա՜ն բաներ կան գիտենալու, որ ինքը դեռ չգիտե։

Բժիշկը որքան որ բարի մարդ էր և ամեն բան սովորեցնում էր Քաջիկին, բայց Քաջիկը կասկածում էր միշտ, թե՝ նա էլի շատ բան պիտի գիտենա, բայց իրան չի հայտնում։ Ճշմարիտ որ բժիշկը շատ բան ծածկում էր նրանից և հենց յուր անձը, յուր կյանքը, յուր ով լինելը նրանից ծածկած էր պահում, ոչ ոք չգիտեր նրա ով լինելը։ Նրա մի քանի սենյակները միշտ կողպված էին, և Քաջիկը չգիտեր՝ ի՛նչ կա նրանցում, և ինչո՛ւ է ծածկած պահում։ Քաջիկը յուր տարակույսները չէր հայտնում վարպետին, բայց ինքն էլ չէր բավականանում յուր սովորածով, միշտ փորձեր էր անում և շատ բժշկական գյուտեր էլ արավ, որոնց մասին հաշիվ չէր տալիս յուր վարպետին։ Վարժապետի ու աշակերտի այս անհարմար հարաբերությունը վերջ ստացավ հետևյալ դեպքով։

Մեկ անգամ մի հիվանդ բերին իրանց հետ կղզի։ Բժիշկն այդ հիվանդին տարավ մի ջոկ տուն, դուռը ներսից կողպեց, որ Քաջիկը ներս չգնա։ Սրանով արդեն երևացրեց, որ շատ բան ծածկում է Քաջիկից։ Քաջիկն այս տեսնելով շատ նեղացավ, բայց և՝ ուզեց տեսնել, թե ի՛նչ է անում հիվանդին։ Թաքուն բարձրացավ տանիքի վրա, նայեց լուսամուտից և տեսավ, որ հիվանդի գլխի սկավառակը վերցրել է, ուղեղի վրա մի ինչ-որ բղոճ կա, ուզում է մաշով վերցնել, բայց բղոճը չանգերը մեկնում է ուղեղի փառի վրա, բժիշկը ետ է քաշում մաշան։ Ետ քաշելու պատճառն այն էր, որ բժիշկն ուզում էր բղոճն այնպես վերցնել, որ նա յուր չանգերով ուղեղի փառը չպատռե։ Քաջիկը երբ որ տեսավ, թե շատ է չարչարվում բժիշկը և հնար չունի անվնաս վերցնելու բղոճը, է՛լ չդիմացավ և բղավեց տան հերթիկից.

— Մաշան տաքացրո՜ւ, վա՜րպետ, մաշան տաքացրո՜ւ…

Այս որ լսեց բժիշկը՝ ունելին (մաշան) դեն գցեց և դուրս եկավ։ Քաջիկն էլ տանիքից իջավ ու փախավ՝ կարծելով, թե վարպետը դուրս եկավ, որ բարկանա վրան կամ ծեծե։ Մի ժամու չափ թաք կացած մնաց Քաջիկը, հետո կրկին սրտապնդեց և բարձրացավ տանիքի վրա, որ տեսնե՝ ի՛նչ արավ վարպետը։ Նայեց տեսավ, որ վարպետը չկա, իսկ հիվանդը միևնույն դրության մեջ թմրած ընկած է։ Այս որ տեսավ՝ իջավ տանիքից և ներս գնաց, մաշան տաքացրեց և բղոճի մեջքին դրավ թե չէ՝ բղոճը չանչերը ներս քաշեց, կուչ եկավ, և Քաջիկը վեր առավ դեն ձգեց։ Սկավառակը դրավ տեղը, դեղը քսեց, փաթաթեց, հոտ տվավ հիվանդի քթին, և նա իսկույն փռշտաց, վեր կացավ և ինքն իրան բոլորովին առողջ զգաց։

Հիվանդին բժշկելուց հետո Քաջիկը գնաց յուր վարպետին փնտրելու։ Շատ ման եկավ, և ամբողջ կղզին տակնուվրա արավ, բայց վարպետին չգտավ։ Ետ դառնալիս Քաջիկը տեսավ մի արձանի վրա գրված հետևյալ ոտանավորը.

85