Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չության նվիրվիլ։ Բայց նրա այդ ձգտումը հակառակ էր իր ծնողաց կամքին, ըստ որում՝ ի՛նքն էր նրանց միակ զավակը, ի՛նքն էր Աղվանից թագավորության միակ ժառանգը։

«Որդյա՛կ իմ Վաչագան,— ասում էր հայրը շատ անգամ,— դու գիտես, որ իմ հույսը միայն դու ես, դո՛ւ պետք է մեր տան ճրագը վառ պահես, մեր օջախի հիշատակը՝ կենդանի։ Պետք է, ուրեմն, ամուսնանաս, ինչպես որ աշխարհիս օրենքն է»։

Որդին միայն կարմրում էր հոր այդ առաջարկությունը լսելիս և չէր իմանում՝ ի՞նչ պատասխան տա, ըստ որում՝ ամուսնության վրա նա չէր մտածել և չէր էլ ուզում մտածել։ Բայց հայրը նրան հանգիստ չէր տալիս, և նույն առաջարկությունը, ավելի գրավիչ խոսքերով, նա անում էր շաբաթը մի քանի անգամ։ Հոր այդ ստիպմունքներից ազատ մնալու և նրան ուշ-ուշ տեսնելու համար ինքն իրան որսորդության տվավ Վաչագանը, թեև զբոսասեր չէր, այլ՝ ավելի սիրում էր շարունակ տանը նստել և կարդալ։ Այնուհետև առավոտները վեր էր կենում շատ վաղ և ընկնում սար ու ձոր և երեկոները շատ ուշ ետ դառնում։ Երբեմն երեք-չորս օրով ուշանում էր և ծնողացը տարակուսության մեջ ձգում։ Շատ իշխանների որդիք ուզում էին նրան ընկերանալ և նրա հետ միասին ման գալ, բայց ինքը չէր հոժարում։ Նա հետը վերցնում էր միայն իր մտերիմ և քաջ ծառային՝ Վաղինակին, որ մի պնդակազմ և քաջառողջ տղամարդ էր, և իր հավատարիմ շունը՝ Զանգին, որ թեև դեռ լակոտ, բայց արդեն մի ահագին գամփռ էր։ Սրանց հանդիպող մարդիկը չէին իմանում, որ մինը թագավորի որդին է, և մյուսը՝ նրա ծառան, ըստ որում՝ երկուսն էլ միևնույն հասարակ որսորդի հագուստն ունեին հագած, երկուսն էլ՝ միևնույն նետաղեղը ուսներին և լայնաշեղբ դաշույնը կախած գոտիկներից, միայն պաշարի պարկը Վաղինակն էր կրում։ Շատ անգամ իջնում էին զանազան գյուղերում, և Վաչագանը, իբրև մի օտար մարդ, ծանոթանում էր գյուղացոց կյանքին, տեսնում էր նրանց ամենօրյա հոգսերն ու կարիքները, նկատում էր, թե ովքե՛ր են բարություն անում և ովքե՛ր՝ անիրավություն։ Հանկարծ շատ կաշառակեր դատավորներ հեռացվում էին իրանց պաշտոնից, և նրանց տեղ լավերն էին նշանակվում, շատ գողեր բռնվում ու պատժվում էին, շատ նեղության մեջ ընկած տներ ու համայնքներ օգնություն էին ստանում թագավորից՝ առանց իմաց տալու նրան իրանց նեղությունը։ Այսպես մի աներևույթ զորություն ամեն տեղ ամեն բան տեսնում էր և հոգացողություն անում։ Այս տեսնելով՝ ժողովուրդն սկսեց հավատալ, որ Վաչե թագավորը Աստծու պես իմանում է, թե՝ ո՛ւմ ինչ է պետք, և ո՛վ է պատժի կամ վարձատրության արժանի մի բան արել։ Էլ ոչ մի տեղ ո՛չ գողություն էր լինում և ո՛չ մի ուրիշ անարդարություն։ Բայց ոչ ոք չէր իմանում, որ այդ լավ փոփոխության միակ պատճառը թագավորի որդին էր։

Վաչագանի այս տեսակ թափառական ճանապարհորդությունը իր համար էլ ունեցավ լավ հետևանք։ Նա ավելի զվարթացավ և առույգացավ։ Նա սկսեց ավելի ուժեղանալ և ճարպիկանալ՝ քան թե առաջ էր։ Մոտիկից տեսնելով ժողովրդի հոգսերը՝ նա զգաց, թե ինչքա՜ն բարիք կարող է անել մի թագավոր իր երկրի համար, և սկսեց փոքր առ փոքր ճգնվելու միտքը թողնել։ Նրա սրտի սերն արդեն վառվելու հատկություն էր ստացել, հարկավոր էր միայն մի առիթ, մի շփումն, որ ցոլային նրա լուսափայլ ճառագայթները, այդ առիթը շուտով վրա հասավ։

Մեկ օր իրանց սովորական որսորդության ժամանակ Վաչագանն ու Վաղինակը հա-

90