Երբ որ մեր որսորդները ճանապարհ ընկած գնում էին դեպի տուն՝ Վաչագանը հարցրեց Վաղինակին.
— Վաղինա՛կ, դու մեր Բարդումը տեսա՞ծ ես սրա պես գեղեցիկ աղջիկ։
Վաղինակը պատասխանեց.
— Ես լավ չնկատեցի նրա գեղեցկությունը, իմացա միայն, որ իրանց գյուղի նախրչու աղջիկն է։
— Չես նկատել, բայց լավ ես լսել։ Այդ նրանից է, որ քո ականջներն ավելի սուր են, քան թե աչքերդ, բայց քո սուր ականջները շատ սխալ են լսում։
— Ո՛չ, սխալ չեն լսում, աղջիկն ի՛նքն ասաց, որ իր հայրը իրանց գյուղի նախրչին է։
— Շա՛տ լավ, բայց դրանից ի՞նչ դուրս եկավ, ես կարծում եմ, որ այդ հանգամանքը նրա հրաշալի գեղեցկությունից ո՛չ մի մազ չպակսեցրեց և նրա արժանավորությունն ավելի ևս բարձրացրեց։
— Ուրեմն դու, երբ որ թագավոր դառնաս, մի նախրչական շքանշան հնարի՛ր և նրանով բարձրացրու քո իշխաններին։
— Նախրչական նշանն այնքան բարձր է, Վաղինա՛կ, որ կարելի չէ տալ ո՛չ մի իշխանի։ Այդ նշանը կարող են կրել միայն թագավորներն ու հայրապետները։ Դու չգիտե՞ս միթե, որ այն գավազանը, որ տրվում է թագավորներին և հայրապետներին՝ հովվական նշան է։
— Հովվակա՜ն, բայց ոչ թե նախրչական։
— Հովիվն ու նախրչին ինչո՛վ են զանազանվում միմյանցից, եթե ոչ նրանով, որ հովիվը միայն այծ ու ոչխար է արածացնում, իսկ նախրչին՝ ամեն ինչ. ոչխար, այծ, տավար, գոմեշ, ձի, էշ, ջորի և մինչև անգամ՝ ուղտ։ Եվ թագավորի պաշտոնն ավելի նախրչության է նման, քան թե հովվի, ըստ որում՝ նրա ժողովուրդը միայն ոչխարներից ու այծերի՛ց չէ բաղկացած, այլ՝ շատ տեսակ կենդանիներից։ Մի՞թե քեզ հայտնի չէ, որ Աստված ամենից շատ նախրչիներին է սիրել․ ի՞նչ են եղել Աբրահամ, Մոսես, Դավիթ, եթե ո՛չ մի-մի նախրչի։ Ո՞վ էր Աստծուն ավելի սիրելի՝ Եսա՞վը, որ մեզ նման որսորդ էր, թե՞ Հակոբը, որ նախրչի էր։ Իմ կարծիքով, նախրչի են եղել աշխարհիս բոլոր արդար մարդիկը՝ Աբելից սկսած մինչև այս գյուղի նախրչին, որ այսքան գեղեցիկ ու խելոք աղջիկ ունի։
— Քեզ հետ վիճել կարելի չէ, իշխա՛ն․ քիչ էլ որ խոսեցնեմ, դու Մեսրոպ վարդապետի քարոզները կկարդաս գլխիս։ Թող գեղեցիկ լինի նախրչու աղջիկը. ասած է «Աչքի սիրածը տգեղ չի լինիլ»։ Բայց ես կարծում եմ, որ եթե այդ աղջիկը լիներ մի երկրագործի աղջիկ՝ դու չէիր ասիլ, որ Կայենը երկրագործ էր, բայց կասեիր. «Երկրագործ են եղել աշխարհիս բոլոր լավ մարդիկը՝ Ադամից սկսած մինչև այս գյուղի երկրագործը, որ մի այսքան սիրուն աղջիկ ունի»։
— Վաղինա՛կ, մի րոպե թող քո սրախոսությունդ և ինձ ուղի՛ղն ասա. Անահի՞տն է գեղեցիկ, թե՞ մեր հազարապետի աղջիկ Վարսենիկը։
— Ես կարծում եմ, որ իբրև իշխանուհի՝ հազարապետի աղջիկն է գեղեցիկ, իսկ իբրև նախրչուհի՝ այդ գեղջկուհին. մինը մյուսի տեղը չի բռնիլ։
— Բայց ո՞րը կլինի ավելի խելոք՝ Անահի՞տը, թե՞ Վարսենիկը։
— Ես ոչ մեկի խելքը չեմ չափել, բայց կարծում եմ, թե՝ Վարսենիկը շատ լավ գիտե, որ մեր Թարթառի ջուրը ոչ ոքի վնաս տված չէ՛, և այդ պատճառով՝ երբ որ դու նրանից