Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


— Եթե այդպես է՝ ես կհայտնեմ մորը։ Շնորհակալ եմ, որ ինձ նախապատրաստեցիր քո տված տեղեկություններով։

Վաղինակը ճշմարիտ որ լավ նախապատրաստեց թագավորին։ Նա Անահիտի գովասանքը, իր կարծիքով, չափազանցության հասցրեց ավելի այն մտքով, թե՝ բան է, եթե որդու կողմից զիջում չլինի, գոնե ծնողաց կողմից լինի, որ Վաչագանի մուրազն անկատար չմնա։ Ահա՛ այս խոսակցությունից հետո էր, որ մայրն իմացավ որդու տխրության գաղտնիքը։

Ե

Թագուհին երբ որ իմացավ Վաչագանի վճռական խոսքը, թե՝ նա միայն Անահիտին կուզի և ուրիշ ոչ ոքի, հայտնեց թագավորին, որ իրանց որդին Հացիկ գյուղի նախրչու աղջկանն է հավանել, և պատմեց բոլորը, ինչ որ ինքը լսել էր։ Այս լուրը շուտով տարածվեց ամբողջ պալատի մեջ։ Բոլոր ծառաներն ու նաժիշտներն իմացան։ Մյուս օրը ամբողջ քաղաքը դղրդում էր այդ նոր համբավով։ Գյուղացիք ուրախացան, որ թագուհին իրանցից կլինի, և նրա օրով իրանք շատ բախտավոր կլինին։ Մեծ-մեծ իշխանները տխրեցան, թե՝ ինչո՞ւ թագավորի որդին ռամիկ նախրչուն իրանցից բարձր համարեց։ Վաճառականները ծիծաղում էին, թե՝ երևի թագավորի որդին խելքը կորցրել է, որ փոխանակ հարուստ օժիտով աղջիկ ուզելու՝ մի աղքատի աղջիկ է ուզում։ Պակաս չէին և սրախոս մարդիկ, որոնք այդ առիթով զանազան առասպելներ էին հնարում և պատմում սրան-նրան։

Ահա՛ թե ինչ էին ասում այդ սրախոսները.

— Բաբի՛կ, ասում են՝ մեր թագավորի որդին նախրչու աղջիկ է ուզում, լսե՞լ ես…

— Այդպես չէ, սիրելի՛ Սադոկ, դու սխալ ես լսել։ Այդ նախրչին իսկապես նախրչի չէ, այլ՝ թագավոր է, բայց որովհետև իր հպատակները բոլորն էլ անասուններ են, այդ պատճառով նրան նախրչի են ասում։ Հիմա մենք որ հիմար լինինք, մի՞թե դրա համար պետք է մեր թագավորին տավարած անվանեին։ Մեր թագավորի խնամացուն մի շատ իմաստուն թագավոր է. նա իմանում է բոլոր անասունների լեզուն, այդպես մեկ էլ Սողոմոն իմաստունն է եղել։

— Ի՜նչ ես ասում… մի՞թե անասուններն էլ ունին թագավոր։

— Ինչո՞ւ ես զարմանում։ Հապա չե՞ս լսել, որ ասում են՝ մորեխների թագավորը, օձերի թագավորը, մրջյունների թագավորը, մեղուների թագուհին։ Եվ մարդիկն էլ դեռ այն ժամանակն են սկսել թագավոր ունենալ, երբ նրանց խելքը անասունների խելքից բարձր չի եղել։

— Ես այդ գիտեմ, բայց չեմ լսած, որ տավարներն էլ ունենան թագավոր։ Մեկ էլ, որ ասենք՝ օձերի թագավորը օձ է, մորեխներինը՝ մորեխ, բայց տավարներինը մի՞թե մարդ է։

— Հապա մարդ որ չլիներ, էլ ինչպե՞ս աղջիկ կունենար, էլ ո՞ւմ կուզեր մեր թագավորի որդին, երևի մարդ է, որ աղջիկ ունի, և այն էլ՝ գիտե՞ս ինչպե՜ս աղջիկ. շատ գեղեցիկ և շատ իմաստուն։ Ասում են՝ այդ աղջիկը մարդու չի գնում, և դեռ հայտնի չէ, թե արդյոք մեր թագավորի որդուն կուզի՞, թե՞ ոչ։

— Ի՜նչ ես ասում։

— Հապա դու ի՞նչ ես կարծում…

95