Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դատարկ խորշերը շուռ տալ դէպի կայսրը: Ու լռութիւնը երկարաձգւում էր ճնշո՜ղ, սարսափելի՜:

Այն ժամանակ, յանկարծ, պատուհանի մօտ լսուեց մի դիւթիչ երգ. անտառի փոքրիկ սոխակն էր, որ գեղգեղում էր մի ճիւղի վրայ: Նա լսել էր կայսրի հիւանդութիւնը և եկել էր նրան յոյս ու սփոփանք տալու: Նրա ձայնի հմայութեան շնորհիւ, խօսող դէմքերը հետզհետէ տժդունւում էին, արիւնը հետզհետէ աւելի արագ շրջագայում էր կայսրի թոյլ անդամներում և Մահը անգամ լսում էր և մրմնջում։

—Շարունակի՛ր, փոքրիկ սոխակ, շարունակի՛ր:

—Այո՛, պատասխանեց սոխակը, եթէ միայն դու կը համաձայնուես ինձ տալու կայսրի թագը, ոսկեայ գեղեցիկ սուրն ու շքեղ դրօշակը։

Ու Մահը՝ հետզհետէ սոխակին էր յանձնում թագը, սուրն ու դրօշակը մի մի երգի փոխարէն։ Ու սոխակը գեղգեղում էր ու գեղգեղում. նա երգում էր խաղաղ գերեզմանատունը, ուր սպիտակ վարդերն են բուսնում, ուր թմբին իր անուշահոտութիւնն