Jump to content

Էջ:Անի.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկիրը հաղորդակցություն ունենա մայրաքաղաքի հետ։ Անցնելով դեպի մյուս ափը, որ այստեղ համեմատաբար ցած է և դյուրամատչելի, ճանապարհը ծռմռվելով բարձրանում էր վերև, դուրս գալիս այն լեռնադաշտը, որ փռված է Անիի առաջ հարավից բաժանված քաղաքից Ախուրյանի մեծ ձորով։ Չմոռանանք հիշել, որ այդ դաշտում Անիի դիմաց, գտնվում էր մեծ քաղաքի գերեզմանատունը, որ այժմ ներկայացնում է քարերով ծածկված մի մեծ տարածություն։

Ահա այս ճանապարհի մի մասն է կազմում այն քարաշեն ծածկված սանդուղքը, որ իջնում է քաղաքից մինջև մատուռները կամ եթե ուզում եք Բեխենց վանքը: Սակայն ես չեմ ուզում ասել թե այդ սանդուղքներով էին բարձրանում գետի մյուս ափից եկող մարդիկ և կարավանները։ Ցաքուցրիվ ընկած սարսափելի կերպով աղճոտված ավերակները այնպես գաղտնապահ են, որ շատ անգամ ավելորդ էլ է նրանց դիմել մի բան հասկանալու համար։ Ես միայն այն գիտեմ որ կամուրջից ուղղակի դեպի վեր, դեպի քաղաքը դիտելու ոչ մի հնարավորություն չկա ձորը այդ կողմից ուղղաձիգ անմատչելի լանջեր ունի որոնց մի կողմի վրա թառ է եղել «Մզկիթ» անվանվող շինությունը, իսկ մյուս կողմում միջնաբերդի բյուրն է ցցվում։ Միակ հարմար ուղղությունը, որ կամուրջով անցնողների համար կարող էր լինել այն, որ գնում է դեպի մատուռների կողմը, և ապա պտույտներով բարձրանում է դեպի քաղաքի հարավ-արևելյան անկյունը դեպի Տիգրանի դուռը։

Այս բոլոր տեղերը մինչև կամուրջը, 13-րդ դարում նվիրված էին սուրբ Լուսավորչին։ Այս բոլոր տեղերը այժմ են լուռ ու ամայի ավերակներ, բայց Անիի շեն ժամանակները նրա աչքն էին իբրև ելք դեպի Ախուրյանի ձորը։ Մեծ կենդանության անդադար շարժման տեղեր պետք է եղած լինեն։ Երևակայեցեք մի մեծ քաղաք և այդ քաղաքի կողքով հոսող մի գետ, որ խորխորատներ է սիրում, նրանց հատակն է քերում: Միայն այս կողմով ազգաբնակությունը կարող էր մոտենալ նրա առատ ջրերին.