Էջ:Անի.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ տան գլխավոր մուտքն է եղել նրա վերևում երկրորդ հարկում մեծ ու լայն պատուհանն է, որի սրանկյուն կամարը, պրոֆեսոր Մառի կարծիքով հիշեցնում է պարսկական ոճը: Թե դուռը և թե պատուհանը գեղեցիկ շրջանակների մեջ են գտնվում: Շինողը առանձին ուշադրություն դարձրել է դռան վրա, որի կոլոր, գեղեցիկ, քանդակազարդ կամարի շուրջը շրջանակի մեջ գտնվող ամբողջ տարածությունը ծածկված է մանրանկար զարդաքանդակներով: Դրանք ներկայացնում են խաչերի և աստղերի նուրբ, ճաշակավոր հյուսվածքներ: Դռան շրջանակն էլ ծածկված է ոլորուն, վերին աստիճանի նուրբ հյուսվածքներով:

Եվ այդքան խնամքը, այդ ճաշակավոր զարդարանքները այսօր սարսափելի կերպով կրծոտել, ծամծմել ու ցած է թափել ավերանքը: Դռան կամարի մի փոքրիկ կտորն է մնացել, իսկ խաչերի և աստղերի հյուսվածքները մեծ մասամբ մաշկված են, վերցված: Երևի Անիի այցելուները այստեղից են հիշատակներ վերցնում իրանց համար, այդ դժբախտ պետի երեսը մաշկելով: Զարդերի փոքրիկ մասերն են մնացել, որոնք շուտով երևի բոլորովին կանհետանան, եթե այցելուները չխղճան:

Ավելի բախտավոր է մուտքի վրայի պատուհանը, բայց նա չունի էլ մուտքի նուրբ ու ոլորուն զարդերը: Շրջանակի մեջ առնված նրա երեք կողմերը ներկայացնում են շահմաթի տախտակ, որի քառակուսիները կազմված են սև և դեղնավուն քարերից: Նուրբ ճաշակ այդեղ էլ երևում է, բայց ահա պատուհանի ավերումն այլևս մարդու ձեռքից չի գալիս, այլ վերևից ճեղք է տալիս պատը և պատուհանի ճակատից կախ է ընկել մի քար:

Նայելով մուտքի և պատուհանի հանդիսավորության զարդերին, դիրքին և ազդող տպավորության մենք, իհարկե չկարողացանք զսպել մեր երևակայությունը և սկսեցինք հին տեղին ու հանգամանքներին հարմարվող տեսիլներ ստեղծել: Այս հանդիսավոր մուտքով, երևի աշխարհի շատ հզորներ էին մտնում և այս հրապարակում, որ բացված է հանդիսավոր մուտքի առաջ երևի, ժողովուրդ էր խմբվում, իսկ ապարանքի կամ պալատի տերը անշուշտ, թագավոր կամ նրա պես մի