Jump to content

Էջ:Անի.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրան պետք է համարել առաջին գոնե մեզ հայտնի ընդօրինակությունը Ներսես Շինողի հռչակված եկեղեցուց:

Պահլավունիների հոյակապ տոհմի հին փառքը շատ գեղեցիկ կերպով է ներկայացնում փոքրիկ, բայց սիրուն ազդու Ապուղամրեցը: Նայելով նրան, մենք կարող ենք իմանալ, թե ինչ շիրիմների պահապան էր նա այսքան դարեր: Բայց ու՞ր են շիրիմները: Մատուռի մեջ մատուռի շուրջը ոչինչ չէր երևում: Գուցե պեղումները բաց անեն Պահլավունիների հանգստարանը: Բայց կարող է այն էլ լինել, որ Ապլղարիբ մարզպանի արձանագրությունը երկոտանի բորենիներ է հավաքել այս պատերի տակ և, նրանք գանձեր հանելու տենչանքով քանդել քարուքանդ են արել իշխանական դամբարանները:

Չէ՞ որ այստեղ ամեն ավերանք ամեն ապականություն անպատիժ է եղել և անպատիժ էլ մնում է:

Պահլավունիների սիրունիկ անջնջելի մնալու արրժանի հուշարձանը տափարակ Անիի հարավային վերջին ծայրն է մատնանիշ անում գոնե այցելուն դրանից դենը չէ նկատում խոշոր ավերակներ և թվում է, թե մեծ շինություններ չեն եղել այստեղ: Տափարակ քաղաքը այս գերեզմանատան մոտերքում էլ վերջանալիս է եղել այնուհետև տափարակի վրա սկսում է բարձրանալ թեք, բայց դժվարամատչելի ժայռոտ լանջերով այն մեծ բլուրը, որ Միջնաբերդն է կազմում՝ բուն Անին, հին Անին, որ ավերակների մի այլ աշխարհ է ներկայացնում:

Բայց այդ աշխարհը այցելելուցառաջ մենք դեռ պիտի տեսնենք տափարակային Անիի մի պարծանքն էլ վերջինը, որ իր բարձր աշտարակով հրավիրում է այցելուին քաղաքի հակառակ, արևելյան ծայրը դեպի Ախուրյանի մեծ ձորը:

Ուղևորվում ենք դեպի այդ աշտարակը: Մեր ճանապարհին բավական մի ընդարձակ տեղ փռված են հողի տակից նոր լույս հանած ավերակներ: Դրանք պրոֆեսոր Մառի պեղումներն են, որոնք կատարվել են 1892-1893 թվականներին տեսանք Մառի գտած հին մեծ պարիսպը, որ շինել է տվել Աշոտ Ողորմածը: Հաստ ու մեծ քարերից շինած մի պարիսպ, որ Միջնաբերդի ստորոտով գնում է սկսվելով