Էջ:Անի.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրան սեղմող ժայռոտ տարածությունը մեր նստած տեղից շատ ցած է նա կազմում է միջնաբերդի շարունակությունը: Այստեղից Ծաղկոցաձորի հանդիպակաց բարձր ափն է երևում, նրանից դենը Ալաջայի հարթ ստորոտների շարունակությունն է և մի լայն ճանապարհ գնում է այդտեղով դեպի ձորի ուղղության հետ զուգընթաց:

Մեր եկեղեցու լանջը, ինչպես ասացի, շատ զառիվայր է: Այստեղից նայողին թվում է, թե ցած դեպի Ծաղկոցաձորը գնացողը պիտի գլորվելով գնա և չպիտի կարողանա պահել իրան: Բայց տեսեք, հենց այդ լանջիվայրը վտանգավոր են համարել Անիի տերերը: Պետք է եղել այդտեղ ավելի զարգացնել պաշտպանողական միջոցները չբավականանալով Միջնաբերդի շրջապարիսպով: Եվ ահա այդ պարսպից մի ուրիշ պարիսպ բաժանվելով, դնում է դեպի ցած: Գնում է հանդուգն համարձակությամբ, արհամարհելով լանջի թեքությունը: Սկզբում նա կարճահասակ է, բայց որքան ցած է իջնում այնքան ավելի բարձրահասակ է դառնում: Եվ այդպիսով կարողացել են այն հետևանքին հասնել, որ դեպի ձորը վաղող պարսպի գլուխը, այսինքն այն տեղը որով պիտի շարժվեին պահապաննները համեմատաբար քիչ թեք ուղղություն ունի:

Այստեղ ինձ արդեն քանիերորդ անգամը պետք է կրկնել, որ Անին մեր նախնիքների ռազմագիտական տաղանդի մի աննման թանգարան է ներկայացնում: Ահա մի փաստ էլ, գուցե ամենահիանալին բոլոր այստեղ հավաքված փաստերից: Ինչպե՜ս լավ են իմացել օգտվել բնության ահավոր խաղերից. ինչպե՜ս կարողանում էին նվաճել անմատչելի վայրենություններն անգամ հպատակեցնելով նրանց իրանց բահերին, թիերին, բրիչներին: Պարիսպը իր վերևի մասերում է քիչ ավերված: Մնացած մասը կարմիր միապաղաղ մի զանգվածի է նմանում: Թվում է, թե դա Միջնաբերդից դուրս պրծած մի ամեհի գազան է, որ համարձակ ցած է վազել և հասնելով խորխորատին կանգնել ծառացել է նրա վրա:

Միայն ռազմական պետքերի կարող էր ծառայել այդ մեծ ահարկու տպավորություն թողնող պարիսպը: Նա վերջացնում է քառակուսի սպառվածքով, որ ցցված է ձորի ահագին