Jump to content

Էջ:Անի.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վաղեմի քաղաքականության մի արտահայտությունն էր։ Իններորդ դարի այն սարսափների մեջ, երբ թվում էր թե հայ երկրի խորտակումը վերջնական է, երբ քայքայված մանրացած ցիրուցան դարձած ազգային իշխանությունը կարծես պիտի կորցներ իր անկախության վերջին նշույլը, Բագրատունյաց այդ քաղաքականությունը մի հրաշալի երկունքի մեջ մտավ և հանկարծ, անսպասելի կերպով, ծնեց մի թագավորություն, որ մոռացնել տվեց բազմաչարչար երկրի կրած բոլոր տանջանքները։ Անկումից ամենալայն ինքնավարություն, ավերանքի և արտասունքի վիճակից շքեղ ու պերճ աշխարհաշինություն, թուլությունից բարոյական անկումից մեծամեծ առաքինություններ, հերոսություն։ Ահա ինչ էր տալիս այդ զարմանալի երկունքը։ Ահա ինչ էր պատրաստել։ Բագրատունիների տոհմային տաղանդը։

Սմբատ Խոստովանողի պես մի զգույշ, չափազանց խոհեմ, սեփական շահերը չափազանց թանկ գնահատող քաղաքագետ գործիչ հարկավոր էր իբրև վերջինը այն Բագրատունիներից, որոնք իրենց տոհմի գերիշխանությունն ու մեծությունն էին նախապատրաստում սերունդից սերունդ։ ժպասվում էր այն մարդը, որ տոհմային ձգտումները ընտանեկան ավանդությունների կարգից հանել և իրագործել է կյանքի մեջ։ Եվ այդ մարդը կար արդեն Բուղայի հարվածներին ենթարկված Հայաստանում։ Դա Խոստովանողի որդին էր՝ Աշոտը։

Երեսունը անցկացրած մի ժիր երիտասարդ էր նա, երբ կանչվեց իր հորը փոխարինելու սպարապետության պաշտոնի մեջ։ Եվ առաջին իսկ քայլերից ցույց տվեց իրեն իբրև իր հոր քաղաքականության հետևող։ Հնազանդություն արաբական իշխանության՝ սա առաջին պայմանն էր, որ ապա հովում էր մի երկարատև գործունեության խաղաղությունը։ Հարուցանել խալիֆաթի ոչ մի կասկածը, քաղաքական ցնցումների ոչ մի առիթ թույլ չտալ, երկարատև, վերին աստիճան համոզիչ իրականությամբ հարկադրել նույնհսկ գոռոզ մահմեդականներին հավատալ, թե մի քրիստոնեական աշխարհ էլ կարող է իսլամի հավատարիմ հարկատուն և դաշնակիցը լինել, ահա ինչն էր Աշոտի եռանդուն