Էջ:Անի.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գուցե Սարգսի դավակիցը չէր այլ լոկ համակրող: Փաստն այն է, որ իր աներոջ մատնելով Սարգիսը նշանավոր հաջողություն ձեռք բերեց: Վստահությունը դեպի Պահլավունիները խախտված էր, այդ գնով էլ Սարգիսը բանտից ու մահվան վտանգից ազատվեց Գագիկի հավատը գրավեց դեպի իրան ու շարունակեց գործել:

Մոնոմախոսը զորքեր ուղարկեց իր պահանջը կատարել տալու համար: Դարձյալ պատերազմներ, դարձյալ արյուն էր թափվում Անիի համար: Եվ պատերազմի դաշտում ազնիվ կռվի մեջ գեղեցիկ մայրաքաղաքի պատիվը հիանալի կերպով պաշտպանվեց: Գագիկը հաղթում էր Բագրատունյաց զենքին նա մի նոր հրաշալի փայլ էր տվել: Ասիական մի փոքրիկ թագավորից պարտություններ կրելը այնքան վիրավորեց բյուզանդական գոռոզությունը, որ վերջին անգամ նա հանդես եկավ թե ավելի ստվար բանակով և թե մի անպատիվ ստոր դաշնակցությամբ: Գաֆիկին երկու կրակի մեջ դնելու համար Մոնոմախոսը, քրիստոնյա, նույնիսկ ուղղափառության արտոնությունը վայելող մի միապետ միաժամանակ հարձակման դաշինք կապեց Դվինի մահմեդական իշխողի հետ թույլ տալով նրան սեփականացնել այն ամենը ինչ նա զենքով կխլեր Անիի թագավորությունից: Եվ խաչի սւ կիսալուսնի այս դաշնակցությունը ո՞մ դեմ: Մի խեղճ փոքրիկ երկրի դեմ, որ նոր էր դուրս եկել մի վախկոտ, անընդունակ թագավորի խնամակալության տակից:

Դաշնակագրություը ճշտությամբ կատարվեց երկու կողմից արշավանք սկսվեց: Բայց Բագրատունյաց վերջին կորյունը քաջության հետ հեռատեսություն էլ խառնեց երկու թշնամու դեմ նա ուժ չուներ մնում էր ընտրություն անել, թե ո՞րն է իսկական վնասակար թշնամին: Պետք էր դեռ գլուխ կոտրել այդ հարցի վրա Գագիկը շտապեց հաշտությամբ առնել Դվինի արշավանքի առջևը այդ նպատակին նա հասավ փողի և ընծաների միջոցով: Ոչնչացնելով այդ կողմի վտանգը նա իր ամբողջ երիտասարդական թափով ընկավ բյուզանդացիների վրա և սարսափելի ջարդ տվեց նրանց: