գլխին ոչինչ չանել, մինչդեռ դաշտի մի փոքրիկ շերտ էր բաժանում Ալաջան այն ժամանակվա ռուսաց սահմանից: Պետք էր ծուլության, դանդաղաշարժության հերոս լինել մի այդպիսի «քաջություն» ցույց տալու համար: Եվ Մուխթարը ցույց տվեց մինչև վերջը: Նա սպասեց, մինչև որ ռուսները ուժեղացան, թվով գերակշռեցին թուրքերին ու մի քանի ուժեղ հարվածով ոչնչացրին նրա բանակը:
Այս դաշտերում կատարվեցին շատ արյունահեղություններ: Մավրակից դեպի արևմուտք Բայրախտար գյուղն է, իսկ նրանից դենը Կըզըլ Թափան է: Այս խրոխտ բարձրության տիրանալու համար օրերով որոտում էին թնդանոթները, երկու հակառակ բանակների մեջ հնձում էին մարդկային շարքերը: Ռուսների ամենամեծ անհաջողությունները Կըղըլ թափայի առջև տեղի ունեցան: Բայց Լորիս-Մելիքովը, որ գիտեր անվրդով մնալ ճգնաժամի օրերում, շաբաթներում, անհողդողդ զորավարի տաղանդով ծրագրեց օրհասական հարվածը և այդ ծրագիրը հանձնեց կատարելու երկու հայ գեներալների՝ Լազարևին և նրա օգնականին, որ դեռ երիտասարդ, բայց փայլուն ունակություններով օժտված, տաղանդավոր, մեծ գովասանքների արժանացած Շել Կովնիկովն էր:
Ահեղ հարվածը այս կողմից ուղղվեց: Սեպտեմբերի վերջին օրերին այստեղ մեծ շարժում կար: Լազարևը Բայրախտարի բանակի հրամանատարն էր: Այդ բանակի գլուխն անցած՝ նա մի մեծ շրջանագիծ տվեց, անցավ ռուսաց սահմանը, Ախուրյանի ափով գնաց դեպի հարավ, նորից անցավ թուրքաց հողը և առաջ շարժվելով անցավ Ալաջայի ետևը, կանգնեց այն ճանապարհների վրա, որոնցով կարող էր թուրք զորքը նահանջել դեպի Կարս և Էրզրում: Մուխթարի բանակի բախտը վճռված էր: Նա հազիվ կարողացավ փախչել, իսկ նրա զորքի մեծ մասը գերի ընկավ: Այժմ, ամառային իրիկնապահի մեղմ, ախորժելի լույսերի տակ լուռ ու խաղաղ է այս կանաչ աշխարհը, կարծես երբեք ոչինչ չի պատահել, կարծես միշտ այսպես անվրդով է եղել աշխարհը և սարերը միշտ այսպես լուռ, քարացած իրար են նայում: Միայն գյուղացու կցկտուր պատմություններն