Բաւական երկար ժամանակ է, որ Ձեզ գրած չունեմ պատճառ բօստ և նաւ չը լինելն է: Քանի անգամ թէլէֆօնով գրեցի Բերկրի, որ այնտեղէն ձեզ հաղորդէին, բայց պատասխան չ՛ստացայ, այսօր հազիւ պատեհութիւն գտայ և եթէ նաւ չը լիներ, ձիաւորներով պիտի ղրկէի:
Ռուսական զօրք այստեղ եկաւ, հրամանատար շատ ալ լաւ է և մեր հարաբերութիւն իրար հետ լաւ կերթայ, բայց յանկարծ Բերկրիէն գեներալ Նիկոլայէւի մարդ (բրիպարշիկ164) մը եկաւ և սկսեց ժողովրդի թէ սեփական և թե համայնական ցորէններ կնքել, նոյնիսկ իմ կնիք գանձեց ու իր կնիք զարկաւ: Անմիջապես կոմանտորին բողոքեցի, նա ըսաւ թե բրիպաշիկ մեծ տեղէ է եկած, ես չեմ խառնւիր, ես արդէն ըսած էի և ձեզ ալ կըսեմ, որ գեներալին յայտնէք. այսպես - երբ կառաւարութիւն այստեղի մարդիկ բոլոր (2660 հոգի) կոտորեր են, մնացած 12.000 կին և երեխաներ անօթի մեռցնելու համար անոնց տներէն մէկիկ մէկիկ խուզարկելով եղած ցորէններ կը քաշէ ու կամբարէ, երբ ես եկայ կնքեցի, որպեսզի կանոնաւոր կերպով կրնանք հոգանք թշուառներուն: Այս մարդ կնքեց նաև անհատներու միակ ապաւէն եղող ցորէններ: Այս մասին չափազանց դիմումներ կատարեցի կոմանտէրին, թէև կոմանտէր բարի ցանկութիւններ ցոյց կուտայ, բայց ինձ գոնէ այնպէս ցոյց կուտայ, որ չի կրնայ խառնւիլ: Բացի ասկէ այս բրիպարշիկ Բերկրիի զին. նաչալնիկէն հրաման մը բերեց, որ առանց խտրութեան ամէն տուն խուզարկեն, նոյնիսկ իմ բնակարանս հինգ անգամ սալդատներով խուզարկեցին, թէև ես ոչ գարի ունէի, ոչ ալ ցորէն և ամէն տեղ ընտանիքներու ապաւէն եղող կէս-մէկ չափ ցորէն առանց հաշւի տարան: Ես, ի հարկէ, չափազանց վշտացայ և վշտերս յայտնեցի իրենց: Վերջացնեմ ըսելով, որ այս մարդ չի թողնի, որ մենք ցորէն ամբարենք, շրջակայ գիւղեր (թիւրք գիւղեր) ահագին ցորէն կայ, չենք կրնայ դուրս հանել, իրենց պէտք եղած ցորէն առանց հաշւի և առանց դրամի կը տանեն: Հիմայ ժողովուրդ չափազանց վշտացած, ամէն կողմէ բողոքներ է, որ կը թափեն, ես ալ այս բանի մասին ձեզ կը դիմեմ և կը խնդրեմ, որ ժամ առաջ գեներալի մօտ երթալու շնորհք ընէք և ըսէք, որ «եթէ իրաւունք կը համարեն գաւառի մէջ գտնուած գարիներ ամբողջովին, ինչքան և երբ որ գտնեն, առանց հաշւի ձրիապէս տանեն, նորէն մեր միջոցներով պիտի խուզարկեն և տանեն, ցորէն նոյնպէս ինչքան որ պէտք է և ինչ պայմաններով որ պէտք է ստանան, նորէն մեր միջոցով պէտք է տանք, որպէսզի ժողովրդի մէջ դժգոհութիւններ չը լինեն և զուտ ռուսների խուզարկութիւն կատարած ատեն անպատեհութիւններ չծագեն: Իսկ մեզ ալ պէտք է ազատ թողնեն մեր գործունէութեան մեջ (ցորէն կը հաւաքենք անտէր հորերէն, թիւրքի գիւղերէն և այլն): Հիմայ ցորէններ իրենց տրամադրութեան տակ առեր են և մեզ կառաջարկեն երթալ, որի տուն քանի չափ ցորէն աւելի գտնենք, այնտեղէն վերցնենք, ես առարկեցի, որ ես չեմ կարող ընտանիքների ապրուստներին ձեռք տալ: