Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներկայացւած է արգոյ վարչութեանդ, ուստի այստեղ նոյնը երկրորդելն աւելորդ եմ համարում:

Մասնաւորելով խօսքս գաւառապետ պ. Ժամագործեանի մասին, պէտք է ասեմ, որ նա - ինչպէս և նրան ենթակայ բոլոր մարմինները, բացի մասամբ տնտեսական խորհրդից - իր տեղում չէ: Ո՛չ նա, ո՛չ էլ իր պաշտօնեաները ժողովրդի մէջ հեղինակութիւն չեն վայելում: Նոյն իսկ ոստիկանները յաճախ չեն լսում գաւառապետին և նրա հրամանները թողնում են անկատար:

Այդ ցաւալի երևոյթի պատճառներն են.-

1. Գաւառապետը բնաւորութեամբ թոյլ և շատ երկայնամիտ անձնաւորութիւն լինելով, լսում և համակերպւում է, երբ այս կամ այն մարդը, այս կամ այն պաշտօնեան իրեն չի հնազանդում: Օրինակ, քաղաքը աղբի մէջ թաղւած էր, նա ուզում է տներն ու փողոցները մաքրել, բայց չի կարողանում, որովհետև ոչ ոք նրան չի լսում:

2. Նա գործի մէջ դանդաղ է և նախաձեռնութեան ոգուց զուրկ: Օր., տաճիկ կառավարութեան ցորենի, ալիւրի և աղի ամբարները փոխանակ իսկոյն մի այլ տեղ փոխադրելու և հասարակական դարձնելու, ձգձգում է այնքան, որ ռուս զօրքը գալիս և գրաւում է: Այսօր ժողովուրդը մնացել է առանց հացի, առանց ալիւրի և առանց աղի - այդ բառի բուն նշանակութեամբ:

3. Գաւառապետն անզոր է ռուս զինւորականների ոտնձգութիւնների առաջն առնելու, որով և վարկաբեկում է իրեն: Օր. գալիս գրաւում են մասնաւոր ցորենների ամբարները, զինւորները հանում-տանում են սրա-նրա տան դռները, լուսամուտների փայտերը, իսկ նա չի կարողանում դրանց առաջն առնել:

4. Պաշտօնի մէջ պահում և հովանաւորում է այնպիսի մարդկանց, որոնք ժողովրդի մէջ վայելում թալանչիի համբաւ: Ամբողջ ոստիկանութիւնը այդպիսի արատաւորւած մարդկանցից է բաղկացած:

5. Իր գիտութեամբ և ներկայութեամբ մի խումբ մարդիկ բաժանել են մօտ 350 լիրայի թալան, մի բաժին ևս նրան հանելով:

6. ժողովրդի մէջ յամառ կերպով խօսւում է, որ գաւառապետը ինչ որ ցորեններ և այլ իրեր է գաղել, որպիսի հանգամանքը քննելու իրաւունք չէր տրւած ինձ:

7. Նա անծանօթ է գործավարութեան ծախսարարութեան և հաշւապահութեան ընդունւած ձևերին և ուրեմն անկարող է ուղղութիւն տալ իրեն ենթակայ մարմինների այդօրինակ գործունէութեանը:

8. Չգիտէ ռուսաց լեզուն, որ Արճէշի գաւառապետի համար առաջնակարգ կարևորութիւն ունի, որովհետև Արճէշը, գտնւելով գլխաւոր ճանապարհի վրա, գաւառապետը ամեն րոպէ գործ պիտի ունենայ ռուսական զինւորական իշխանութեան հետ: