Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

N 246

«ԶԱՆԳԻ» ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ-ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՏԻՆԳԻ ԵՎ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

23 մարտի 1917թ.

Այսօր Մեծ-Ղարաքիլիսէն ալ տօնեց ռուսական մեծ յեղափոխութեան և ազատութեան յաղթանակը: Ցերեկուայ ժամը 10-ին կայացաւ միթինկ գիւղաքաղաքի փոքրիկ հրապարակին վրայ, խուռն բազմութեան մը ներկայութեան: Միթինկին իրենց մասնակցութիւնը բերեր էին բոլոր դպրոցները. որբանոցները, երկաթուղիի բանուորներու կազմակերպութիւնը, Հ. Յ. Դաշնակցութիւնը. քօօփերաթիւը ևն., իւրաքանչիւրը իր առանձին դրօշակներով: Փոխնիփոխ յեղափոխական երգեր կ՚երգէին ծխական և պետական դպրոցներու խմբերը՝ հայերէն և ռուսերէն: Շուտով եկաւ և զօրքը, որ ընդունուեցաւ խանդավառ ուռռաներով և ծափերով: Զօրքի առջևէն կը տանէին ազատութեան խորհրդանշան պատկերը՝ կին մը ձեռքին փշրուած շղթաներ: Պատկերի տակը գրուած էր. «շղթանները փշրուած են: Ռուսաստանը ազատ է»: Յետոյ կը տանէին դաշնակից պետութիւններու դրօշակները և բազմաթիւ կարմիր դրօշներ. «Կեցցե՛ն մեր քաջարի դաշնակիցները»: «Կեցցէ՛ հանրապետութիւնը», «Պատերազմը մինչև յաղթական վախճան», «Քաղաքացինե՛ր, բռնեցէք դասալիքները և ուղարկեցէք բանակը» և ուրիշ վերատառութիւններով:

Խօսեցաւ Տ. Խորէն քհ. Խանզադեանը, որմէ ետք զօրքն ու հասարակութիւնը շարժուեցաւ դէպի գիւղէն դուրս՝ բաց դաշտը: Ճանապարհին կ՛երգէր ծխական դպրոցի խումբը: Դաշտի մէջ հաւաքուած էր 2.000-ի հասնող բազմութիւն: Ճառեր խօսեցան, ռուսերէն լեզուով, քօօփերաթիւ ընկերութեան վարչութեան նախագահ և ժամանակաւոր կոմիտէի անդամ պ. Խ. Մխչեանը և ռուս զինուոր մը: Յետոյ բեմ բարձրացաւ պ. Արամ Մանուկեանը, որ խօսեցաւ հայերէն, կոչ ընելով բոլորին գործ դնէլ ամէն ջանք, պահպանելու համար ներկայ կառավարութիւնը, միացնելով մեր ուժերը, գործելով միաբան և համերաշխ: Դեռ խօսքը չէր վերջացուցեր, երբ բեմ բարձրացաւ վրացի զինուորական մը-պօլկովնիկ, ու երբ պ. Արամ վերջացուց իր խօսքը, ան խօսք ուղղելով զօրքին ու ներկաներուն, ծանօթացուց անոնց պ. Արամի անձնաւորութիւնը, իբրև տաճկահայ ազատագրական դատի ռահվիրաներէն մէկը, որ կազմակերպեց Վանի ինքնապաշտպանութեան գործը՝ հանդէպ թուրք ռէժիմի գազանութիւններուն ու հասցուց իր փայլուն վախճանին, մեծապէս նպաստելով ռուսական բանակի դէպի Վան առաջխաղացման: Երկու խօսքով դրուատելով պ. Արամի գործը, որպէս ժողովրդական հերոսի, իբրև օրինակ յանձնարարեց զինքը զօրքին: Երբ վերջացուց, համբուրուեցան. իսկ զօրքը և հասարակութիւնը ողջունեց պ. Արամը, խանդավառ ուռռաներով և ծափերով: Տեսարանը չափազանց յուզիչ էր: