N 272
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԼԻԱԶՈՐ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿՈՉԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ ԹՇՆԱՄՈՒ ԴԵՄ ԿՌՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՒԺԵՐԸ ՄՈԲԻԼԻԶԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Պատերազմական գործողութիւնների դժբախտ ընթացքը ցնցեց ամբողջ հայութիւնը, նամանաւանդ՝ հայութեան սիրտը կազմող Երևանը: Ստեղծւած կացութեան տպաւորութիւնների տակ՝ Երևանի հայ ժողովուրդը, զինւորականութիւնը, հրամանատարութիւնն ու սպայութիւնը հարկ համարեց արտակարգ լիազօրութիւններ տալ ինձ ճակատն ուժեղացնելու, ներքին անիշխանութիւնները սանձելու և առհասարակ մեր ներքին ու արտաքին կռիւներին, վճռական ու կտրուկ միջոցներով, արագ ընթացք տալու:
Ստանձնելով այդ պատասխանատու պարտականութիւնը ճգնաժամային այս ծանր օրերին, ես հրապարակով յայտարարում եմ բարձրաձայն, որ գոյութիւն ունեցող բոլոր մարմինները - Ազգային Խորհուրդ, ճակատի բարձրագոյն հրամանատարութիւն, պետական հիմնարկութիւններ-կան ու մնալու են իրենց դերի ու դիրքի մէջ:
Իմ անելիքը պէտք է լինի մի կողմից արագացնել աշխատանքը և միւս կողմից ամեն մի մարմնի և գործող ոյժերի դնել իր վայելող դերի մէջ և հաստատել զինւորական օրինակելի կարգապահութիւն:
Այդ մտահոգութեամբ ստանձնելով իմ նոր պաշտօնը՝ հրահանգում եմ հետևեալը.
1. Բոլոր գոյութիւն ունեցող մարմինները - զինվորական թէ քաղաքացիական,- պէտք է շարունակեն իրենց նախկին աշխատանքները աւելի եռանդով և մեծ զոհողութիւններով:
2. Թիկունքում գործող մարմինների մէջ գտնւող զինւորական ոյժերի ճակատ մեկնելը պէտք է կատարւի որոշ կարգով և որոշ ժամանակամիջոցում՝ որպէսզի մի նոր գործ շինելու ժամանակ, միւսը հինը՝ չըքանդւի:
3. Հայ ժողովրդի բոլոր սրտացաւ ու գիտակից տարրերին հրահանգում եմ ընդառաջ գնալ թիկունքի և նամանաւանդ ճակատի կարևոր աշխատանքներին, որպէսզի այդ աշխատանքները կատարւեն արագ ու կանոնաւոր:
4. Միանգամ վստահելով ինձ և գործի ղեկավար ոյժերին՝ հասարակութիւնը և անհատները պետք է խորին հաւատ ընծայեն մեզ, որպէսզի մենք մեր դժւարին աշխատանքները ազատ կատարենք:
5. Պէտք է վերջ տալ աննպատակ քննադատութիւններին, որոշ մարդկանց շուրջը կատարւող ասէ-կօսէներին: