Բերենք մի քանի օրինակներ՝ ցոյց տալու համար, որ սկսած 1918-ի Յանուարի սկզբներից՝ Արարատեան Դաշտը դարձել էր թուրք և քիւրդ հակապետական շարժումների թատերաբեմ:
«Յունուար 14-ին Իգդիրից հեռագրում են, որ քրդերը յարձակուել են ռազմաճակատ գնացող պետական պարենաւորման խմբի վրայ՝ Կարա-Օրգով ճանապարհին, տարել են՝ մեծ քանակութեամբ հացի պաշար՝ բարձած ուղտերով: Սպանուել են շատ զինուորներ: Բայազէտ-Մուսուն-Էջմիածին ճանապարհները փակուած են, ամէն օր տեղի են ունենամ յարձակումներ. սպանութիւն, կողոպուտ: Ալի-Ղըզըլ (հայկական) գիւղը տեղափոխում է Ղամարլու՝ ազատուելու համար թրքական և քրդական հրոսակախմբերից»:
Յունիսի 20-ին Ջուլֆայից հեռագրում են Անդրկովկասի կոմիսարիատին.
«Դրութիւնը Ջուլֆայում սպառնական է: Աւերի ու արիւնի են ենթակայ ամէնքը։ Երկաթուղային ծառայողները խնդրում են փրկել իրենց ընտանիքների կեանքը։ Ամէն օր հրացանաձգութիւն է տեղի ունենում: Կան սպանուածներ ու վիրաւորներ: Ազգային թշնամութիւնը սուր բնոյթ է ստացել: Ամէնքը ենթակայ են վտանգի: Ռուս զինուոր համարեայ չկայ: Բոլորը գնացել են: Շուտափոյթ կարգադրութիւն պէտք է անել փոստը Ալեքսանդրապոլ կամ Թիֆլիս տեղափոխելու համար, հակառակ դէպքում բոլոր ծառայողները կը փախչեն»:
Փետրուարի 15-ին Ալեքսանդրապոլի մօտ Մոլլա-Մուսա (թուրք) գիւղի բնակիչները յարձակուեցին իրենց մօտ եկող պատգամաւորութեան վրայ, սպաննեցին զինուորական խորհրդի ներկայացուցիչ՝ համակրելի հասարակական գործիչ Ասրիբէկեանին (սոց. դեմոկրատ) և ուրիշ վեց հոգու ու վիրաւորեցին վեց հոգու:
Այս դէպքը ահագին յուզում առաջ բերեց: Մոլլա-Մուսա գիւղը ենթարկուեց թնդանօթաձգութեան: Կայարանում գտնուող վաթսուն թուրքերը տարուեցին քաղաքից դուրս ու կոտորուեցին: Թրքական թաղը (քաղաքում) պաշարուեց գրգռուած ամբոխի կողմից և փրկուեց միայն դաշնակցականների ջանքերով:
Փետրուարի 19-ին Երևանի նահանգական կոմիսար Ս. Թորոսեանը ուղիղ հեռախօսաթելով տեղեկացնում էր Թիֆլիս.
«Փետրուար 16-ին քրդերը Սուրմալուի գաւառի ջալալցիների և տեղական թուրքերի հետ յարձակուեցին Ղամարլուի վրայ, որտեղ կանգնած են հայկական զօրամասեր: Փետրուար 17-ին այստեղ տեղի ունեցաւ ընհարում: Ազդեցիկ թուրքերից կազմակերպեցի հաշտարար պատուիրակութիւն: Նրանք մեկնեցին Ղամարլու: Բայց 17-ի գիշերը գաւառամասի կոմիսարը զեկուցեց, որ թուրքերի և հայ զինուորների միջև տեղի է ունենամ հրացանաձգութիւն: Երկու կողմից էլ շատ զոհեր կան: Նոյն գիշեր Դաւալուից ստացուեցին հեռագիրներ, որոնք յայտնում են, որ Ռեհանլու312 գիւղը շրջապատուած է թուրքերով: Պատգամաւորները տեղ չհասան,