Ինձ զարմացրեց այն հանգամանքը, թէ որտեղի՞ց էր ծագել այդ լուրը։ Միակ մարդը, որ դէպքի մասին գիտէր, Խաչիկն էր, որն ինձ խնդրել էր ոչ ոքի չասել։ Ուրեմն, ո՞վ կարող էր լինել այդ չարաբաստիկ լուրի հեղինակը: Շատ ուշ, միայն արտասահմանում իմացայ, որ այդ լուրը տարածողը եղել էր հէնց ինքը՝ Խաչիկը:
Պաշտօնեան հեռացաւ: Ներս մտաւ Յատուկ Կոմիտէի նախագահ Մ․ Մուսինեանը: Նոյն լուրի մասին նա ևս խոսեց, բայց շատ հանգիստ եղանակով՝ համարելով այն անգործ մարդկանց երևակայութեան արդիւնք:
Եւ ո՞վ կարող էր հաւատալ այդ լուրին, այսինքն՝ Արամի քաղաքը թողնելու հաւանականութեան: Ո՛չ ոք, ով ծանօթ էր Արարատեան Դաշտի հայութեան մղձաւանջային վիճակին այդ ծանր օրերին և գիտէր թէ ի՞նչ էր Արամը այդ հայութեան համար:
Չեմ կարող այստեղ չյիշել այն դէպքը, որը ցոյց էր տալիս, թէ ի՚նչ յոյսեր էր կապում ժողովուրդը Արամի հետ: Այդ՝ Արամին դիկտատոր ընտրելու պարագան է. նա միակ մարդն էր, որի հետ ժողովուրդը կապում էր իր փրկութեան յոյսը: Ինչպէ՞ս, ուրեմն, նա կարող է ձգել այդ ժողովուրդը և հեռանալ։
Մտածեցի հեռախօսով կապուել Արամի հետ և իմանալ Ազգ. Խորհուրդում, գրասենեակում նրա չերևալու պատճառը: Երբ զանգահարեցի, պատասխանեց Արամի կինը: Իմ հարցին, թէ ինչո՞ւ Արամը չի երևում, վշտացած պատասխանեց թէ ինքն էլ չի իմանում, թէ ի՞նչ է պատահել, ոչ ոքի չի ուզում տեսնել։ Ծանրապես ազդուեցի:
Մտածում էի հեռախօսելուց յետոյ գնալ Արամի մօտ: Բայց տիկնոջ հետ խօսելուց յետոյ հրաժարուեցի այդ մտքից: Յաջորդ օրը ևս Արամը չերևաց Ազգ. Խորհրդի շէնքում: Արդէն շատերի համար պարզ էր, որ մի բան էր պատահել։ Բնորոշ է, որ մարդկանց հետաքրքրում էր ոչ այնքան այն․ թէ ի՞նչ էր պատահել, որքան այն միւս հարցը, թէ ի՞նչ էր լինելու քաղաքի և շրջանի վիճակը Արամը հեռանալու դէպքում: Ա՚յդ էր մտահոգում, անհանգստացնում մարդկանց: Բայց քանի Արամը քաղաքում էր, դեռ չէր հեռացել, կասկածամիտները յոյսերը չէին կորցնում:
Այդ երեկոյեան Երևանի Կ. Կոմիտէի նիստում կենտրոնական հարցը՝ Արամի հարցն էր: Ի՞նչ էր պատահել, ինչո՞ւ Արամը չէր երևում հրապարակում և փակուել էր իր բնակարանում ու որտեղի՞ց էր սնունդ առել Արամի քաղաքը թողնելու լուրը: Ժողովրդին ներկայ էր և’ Դրօն, որը թեև Կ. Կոմիտեի անդամ չէր, բայց գրեթէ միշտ ներկայ էր լինում Կ.Կոմիտէի նիստերին: Ոչ ոք կարողացաւ պատասխանել այդ հարցին, ոչ ոք ոչինչ չգիտէր կամ այդպէս էին ձևանում, ինչպէս Դրօն և ես:
Կ. Կոմիտէի ցանկութիւնն էր իմանալ այդ հարցերի պատասխանը՝ վերաբերմունք ցոյց տալու և անհրաժեշտ քայլեր առնելու համար:
Սակայն, քանի որ տրուած հարցերին պատասխանը չեղաւ, մնում էր նրանց պատասխանը լսել Արամից: Արամն էլ, սովորաբար, մասնակցում էր Կ. Կոմիտէի նիստերին, եթէ այդ ժամերին ազատ էր: Բոլորս էլ