չէր ունեցել: Եւ ահա՝ նրա Երևան գալուց ու գործի անցնելուց յետոյ, անհաւատալիօրէն կարճ ժամանակի միջոցում նա ուղղակի նուաճեց ագգային-հասարակական կեանքին լծուած բոլոր հոգիները: Նրա հեղինակութիւնը, ազդեցութիւնը աճում էր օրից օր: Նրա հմայքի առջև խոնարհւում էին ամէնքը:
Բնական է, որ դաշնակցականները գաղափարակից տաղանդաւոր գործիչի մասին հիացումով խօսէին: Բայց Արամի մեծութիւնը, ի միջի այլոց, վկայում է և՚ այն հանգամանքը, որ նրա հետ աշխատող ոչ-դաշնակցականներն էլ անպայման ենթարկւում էին նրան ու, պատեհ առթիւ, միայն գովասանքի ու հիացմունքի խօսք անում նրա մասին:
Միայն մի երկու օրինակ:
Արամը մեռաւ 1919-ի Յունուար 29-ին: Մահուան տարեդարձին Երևանում հրատարակուող «Յառաջ»ի խմբագրութիւնը թերթի մի յատուկ համար պիտի նուիրէր նրա յիշատակին: Ինձ ևս առաջարկուեց մի բան գրել: Ես այն ժամանակ անկարող էի Արամի մասին մի տող անգամ գրի առնել։ Բայց, նախապէս խօսելով խմբագրի հետ, խնդրեցի Գ. Պետրոսեանին «Յառաջ»-ի այդ համարի համար գրել մի յօդուած:
Գ. Պետրոսեանը Երևանում աշխատում էր ժողովրդականների հետ: Յեղափոխութեան սկզբնական շրջանում, ռուս տիրապետութեան ժամանակ նահանգական գործադիր կոմիտէի աչքի ընկնող անդամներից էր: Նոյն ժամանակները -Ժողովրդական կուսակցութիւնը Երևանում հրատարակում էր ռուսերէն մի թերթ, որի փաստական խմբագիրն էր: Հետագային, Հայաստանի անկախութեան օրոք, նա մտաւ Քաջազնունու դահլիճին մէջ, իբրև արդարադատութեան նախարար:
Իմ դիմումը նա յարգեց և մի երկու օր յետոյ բերեց ռուսերէն լեզուով գրած (հայերէնին լաւ չէր տիրապետում) մի ընդարձակ յօդուած, որ կատարեալ ներբող էր հանգուցեալի յիշատակին:
Ինձ համար այդ անսպասելի էր: Պետրոսեանը ճանաչուած էր իբրև շատ շիտակ ու անաչառ մարդ: Ես գիտէի, որ անցեալում, դեռ Ազգային Խորհրդի իշխանութեան օրով, նա առիթ էր ունեցել բողոքելու Արամի դէմ և կամովին հեռանալու մի ժողովից, ուր ներկայ էր գտնուել Արամի հետ և խիստ դժգոհ մնացել վերջինիս մի վարմունքից այդ ժողովում: Ես կարծում էի, որ Պետրոսեանը, իբրև անկեղծ մարդ, գնահատելով հանդերձ Արամի արժանիքները, պիտի խօսէր նրա մասին զուսպ ու պաղարիւն ձևով, ցոյց տալով նաև նրա գործունէութեան վրիպումները, պակասաւոր կողմերը։ Եւ Պետրոսեանից ես չծածկեցի այդ ամէնը և ստացայ մօտաւորապէս այս պատասխանը.-
«Ես բնաւ չեմ առաջնորդուել այն մտքով, թէ նման դէպքերում միա’յն լաւը պէտք է գրել։ Ոչ: Գրել եմ այն, ինչ որ թելադրել են ինձ Արամի մասին ունեցած տպաւորութիւններս: Դուք ակնարկում էք Ազգային Խորհրդում տեղի ունեցած դէպքին, երբ ես բողոքեցի Արամի վարմունքի դէմ և զայրացած հեռացայ ժողովից: Այո՝, այն ժամանակ Արամի վարմունքը