Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

* * *

1918-ի վերջերին և 1919 սկզբներին բծաւոր տիֆը Երևանում առատ հունձք էր անում: Նրան զոհ գնաց և՛ Արամը:

Թէ՜ իր պաշտօնի բերումով և թէ մանաւանդ իբր հասարակական կենտրոնական դէմք, նա շարունակ յարաբերութեան ու շփման մէջ էր բազմաթիւ մարդկանց հետ՝ ազգաբնակչութեան բոլոր խաւերից: Եւ որովհետև իր մասին մտածելու սովորութիւն չունէր, զարմանալի չէ բնաւ, որ նա էլ վարակուէր տիֆով, բայց հիւանդութեան սկզբի օրերը մնաց ոտքի վրայ. առողջ կազմուածքի տէր էր:

1918-ի Դեկտեմբերին վախճանուեց (նոյնպէս բծաւոր տիֆից) Սարգիս Օհանջանեանը, Դաշնակցութեան հին գործիչներից, որ այդ օրերին ներքին գործոց նախարարութեան գործավարն էր: Արամը ուղեկցեց ընկերոջ դագաղին, բայց մինչև գերեզմանատուն գնալ չկարողացաւ: Հիւանդութիւնը զգալ տուեց: Կէս ճամբից նա վերադարձաւ տուն ու պառկեց՝ առանց իմանալու հիւանդութեան բնոյթը: Երբ պարզուեց որ հիւանդութիւնը տիֆ է, նա չափազանց անտարբեր վերաբերմունք ցոյց տուեց: Վիշտը, կասկածը, երկիւղը մինչև վերջ խորթ մնացին նրան: Ընդհակառակը, տրամադրութիւնը լաւ էր ու իր տրամադրութեամբ վարակում էր մտերիմներին ու այցելուներին:

Բծաւոր տիֆը այդ տարի Հայաստանում յատուկ դաժանութեամբ էր արտայայտւում և աջ ու ձախ կոտորած անում: Բաւական է ասել, որ Երևանի պէս փոքր քաղաքում չորս բժիշկ (Անդրէասեան, Զաքարեան, Շահպազեան, Նալբանդեան) գոհ գնացին այդ հիւանդութեան: Բնական էր, որ մարդիկ զգուշանում էին, իսկ հիւտնդները՝ ահ ու սարսափով անցկացնում իրենց օրը:

Երբ Արամի հիւանդութիւնը պարզուեց, Երևանի բժիշկներից շատերը ինքնաբերաբար ոտքի կանգնեցին: Դրանց մէջ էր և բժիշկ Ս. Կամսարականը: Սա միաժամանակ բժշկում էր և պետական վերահսկիչ Մինաս Բերբերեանիւն, որը նոյնպէս հիւանդ էր բծաւոր տիֆով: Այդ նոյն օրերին կինս էլ հիւանդ էր, նոյնպէս տիֆով: Նրան ևս բժշկում էր Կամսարականը, որը, լաւ բժիշկի համբաւ ունենալուց զատ, մի շատ համակրելի ու սիրալի անձնաւորութիւն էր: Որևէ կուսակցութեան չէր պատկանում: Բժիշկը նախ այցելում էր Բերբերեանին, յետոյ Արամին, ապա գալիս էր մեզ մօտ:

Բնականաբար, ես ամէն անգամ հետաքրքրում էր Բերբերեանի և Արամի աոողջութեամբ, թէև վերջինիս մօտ լինում էի օր ու մէջ: Բժիշկ Ս. Կամսարականը, ամէն անգամ էլ առանձին գոհունակութեամբ էր խօսում Արամի մասին:

- Զարմանալի մարդ է: Ինչ հիւանդ. ես նրա մօտ հանգստանում եմ, մանաւանդ Բերբերեանից յետոյ: Սա ամբողջ ժամանակ դժգոհում է, գանգատում, սարսափում իր վիճակից, յիշում է իր լաւ անցեալը և ողբում ներկաս: Սիրտս ճնշւում է նրա մօտ: Իսկ Արամի մօտ ամբողջ ժամանակ տրամադրութիւնս լաւ է լինում: Ո՛չ մի գանգատ, ոչ մի սրտնեղութիւն: