N 63
Հ. ՋԱՂԱՑՊԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ ՎԱՆԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՌՈՒՍՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆԻՑ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԱՏՐՃԱՆԱԿԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ
N 780
Վսեմ նահանգապետ
Այս առաւօտ միայնակ Տարման գիւղ երթալու պարագային, քաղաքի սահմանէն դուրս, Նորատունկներու գլուխ կոչուած վայրը, երեք ռուս զինւորներ յանկարծ զիս ձերբակալեցին և վրայիս ժամացոյցս առնել կուզէին: Մէջքիս կապին մէջ ծրարուած պրանունիկ99 ատրճանակս գտան, գրաւեցին և տարան Ա․ Բարսեղեանենց տուն՝ իրենց մեծատւորին, ուր անունս և ատրճանակիս նօմէր նշանակելով, ատրճանակս պահեցին, մինչև որ արտօնագիր ստանամ: Ուստի այս մասին Ձեր կարգադրութիւն կը խնդրեմ:
Մնամ յարգանօք Պարոնիկեան թաղեցի՝
ՀԱԱ ֆ. 242, ց. 1, գ. 2, թ. 4, բնագիր, ձեռագիր:
N 64
ԱՐՄԵՆԱԿ ՇԱԼՃՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԾԱՌԵՐ ԿՏՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
N 893
Վսեմ նահանգապետ
Զօրահանութեան մէջ կառաւարութիւն ինձմէ բռնութեամբ մօտ երեսուն լիրայի ատաղձ տարաւ շինութեանց համար (մասնաւորապէս հիւանդանոցին գործածուած է), և ի փոխան տուաւ մի միայն մրի ստացագիր: Արդ, եթէ հնար է, ի փոխան վերոյիշեալ գումարին արտօնեցէք ինձ կտրելու թիւրքերի սահմաններից ծառեր, որ համապատասխան լինի վերոյիշեալ գումարին, քանի որ 300 լիրայից աւելի կորուստ ունեցայ վերջի կռիւների ընթացքին, և գուցէ այս պիտի լինի իմ ապրուստի միակ միջոցը: Այս մասին Ձերդ շուտափոյթ կարգադրութիւն կը խնդրեմ: Յարգանքներով Նալբանդեան թաղեցի՝
Մակագրություն. Տնտեսական մարմնին:
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 10, թ. 22, բնագիր, ձեռագիր: