Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բարպայի մտերիմ Վասիլեն ավելի, ճանչցեր էր Խաչիկի ներքին էությունը և շատ խոր թափանցեր էր անոր թաքուն թուլություններուն, և երբեմն Բարպայի վայելած վարկին մտածելով՝ կխորհեր. «Աղեկ է, որ կուգա, պետք կըլլա»։

Երբեմն, սակայն, Բարպան կերթար Զարեհ էֆենդիի Բերայի բնակարանը, երբ կարևոր խնդիր մը կար և անհարմար կսեպեր այդ խնդրի վրա աշխատանոցի գրասենյակին մեջ խոսիլ, ուր շարունակ կընդհատվեին։

Զարեհ էֆենդին միշտ քաղաքավարությամբ կընդուներ Խաչիկը, բայց չէր մտցներ անիկա իր մտերիմ կյանքին մեջ։ Հուրիյեթեն հետո Զարեհ էֆենդին դարձեր էր բազմազբաղ և ազդեցիկ մարդ։ Անիկա ոչ միայն իր համայնքի գերագույն խորհուրդի անդամ էր միշտ, այլև նախագահ էր շարք մը համազգային ընկերություններու և հաճախ իր տունը կհրավիրեր հայ և նույնիսկ թուրք մեբուսներ, ճաշի և երեկույթի։

Գրեթե միշտ, երբ Խաչիկը կերթար Զարեհ էֆենդիին այցելության, ան զբաղված կըլլար հյուրերու հետ, սալոնը կամ ճաշարանը։ Սպասուհին Խաչիկը կառաջնորդեր Զարեհ էֆենդիին առանձնասենյակը և կերթար լուր տալու տիրոջը։ Կպատահեր, որ Բարպան երկար սպասեր, և ան կսպասեր համբերությամբ՝ էլեկտրական լույսով ողողված սենյակին մեջ։ Երբ սալոնի կամ ճաշարանի դուռը կբացվեր, Բարպան կլսեր ծիծաղներ և ուրախ խոսակցության աղմուկ։

Վերջապես Զարեհ էֆենդին կուգար և իր ցուցամատը և միջնամատը երկարելով Խաչիկին՝ կըսեր շողոմ շեշտով.

— Հազար ներողություն, Խաչի՛կ, քեզի ակամա սպասեցուցի, կարևոր խոսակցություն սկսեր էինք, անհարմար էր ընդհատել։

Հետո ձեռքերը իրար շփելով և մսկոտ երևույթ մը առնելով, հակառակ որ միշտ հախճապակիե վառարանը վառված կըլլար, անիկա կնստեր թիկնաթոռի մը մեջ և կարծես թե համակերպված, մեծ համբերությամբ, պատրաստի ժպիտը կարկառելով դեպի խոսակիցը, կըսեր.

— Պատրաստ եմ քեզ լսելու։