Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սահակը եկավ վերջապես՝ արյուն քրտինք մտած։ Անոր խորշոմած դեմքին վրա պեխերը ոչ թե խարտյաշ էին, այլ կարծես թե գունատած։ Թուշը տնկած, մունջ շուրթերով, ան կդառնար քրոջը, որ կհաղորդեր բժիշկին խոսքերը, հետո կդառնար տղուն՝ աղերսական նայվածքով։ Այդ միջոցին մեծ կսկիծով անիկա կլսեր, որ կինը օրվան մեջ առատությամբ արյուն փսխեր էր. բժիշկը հիվանդին վիճակը կհամարեր շատ ծանր և խորհուրդ տվեր էր տղան հեռացնել տունեն։

— Թող իմ տունս գա, ինչ ընենք,— կըսեր Իպրաքսե հորաքույրը, մինչ Սահակը, իր գլուխն եկած փորձանքներեն անզոր, երկու ձեռքերը կզարներ ծնկներուն։

Առավոտուն կանուխ, երբ իրեն քնած կկարծեին, Միհրանը լսեց, որ հայրը ու մայրը կխոսեին իր մասին։

— Ինձմե քեզի կտակ,— կըսեր մայրը տկար ձայնով,— չեմ ուզեր, որ չոճուխս Իպրաքսեին տունը երթա…

Միհրանը գաղտագողի կդիտեր մայրը, որ բարձերուն կռթնած, գլուխը կճոճեր աջ ու ձախ։ Անոր դեմքը և բազուկները կմախքային նիհարության հասեր էին, դժգույն դեմքին վրա այտոսկրները ցցված էին, և սև առատ մազերը կարծես կծանրացնեին գլուխը, որ վերջապես անշարժացավ հակելով հորը կողմը։

Հայրը լուռ կլսեր։

—Միհրանիկս տար Խաչիկին,— ըսավ մայրը հետզհետե մարող ձայնով։ Վիկտորյան աղեկ կնիկ է, զավակ չունին, չոճուխին աղեկ կնային․․․

Մայրը պահ մը կանգ առավ և իր ցավագին ակնարկը սևեռելով իր որդույն վրա, ավելցուց.

—Ետքն ալ տեր ու տիրական կըլլան չոճուխիս…

Հաջորդ օրը հայրը տղան տարավ Բերա, Բանկալթի, ուր կգտնվեր Զարեհ էֆենդիին ընդարձակ դարբնոցը, և ուր կաշխատեր Միհրանին մորեղբայրը։

Ամեն անգամ, որ հորը կամ մորը հետ Միհրանը Բերա կերթար, մեծ ուրախություն էր իր համար։ Առաջուց՝ մտածելով