Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պնակները։ Երեք մեծությամբ, բայց միաձև բաժակներ, լիմոնի գույն դեղին թեթև երիզներով, կշեշտեին զովության և մաքրության տպավորությունը։ Արծաթազօծ սպաները կպսպղային պնակներու կողքին, որոնց մեջ դրված էին ծալված անձեռոցները։

Սրահին երկու կողմերը կգրավեին կաղնեփայտե բյուֆեն և ռեզերվուարը, որուն վրա սպասուհի մը կզետեղեր աղանդերի պնակները։

Երբ Բարպան սրահ մտավ Վահեվանյանի ետևեն, տեսավ, որ Միհրանը Մաննիկի հետ կանգնած էր սեղանի վարի ծայրը, իսկ սեղանին ճակատը առանձին նստած էր ուշագրավ գեղեցկությամբ կին մը, հակառակ որ անոր երկուքի բաժնված ալեխառն գանգուր մազերը կմատնեին անոր հառաջացած տարիքը։ Անոր անայլայլ դեմքը սպիտակ էր և վճիտ։ Ճակատը բարձր, դիմագծերը նուրբ և անթերի, անիկա իր տխուր աչքերը հառեց հյուրերուն, քաղաքավարական ցուրտ ժպիտով, ինչպես մեկը, որ համակերպած է իր պարտականությունը կատարել, բայց ոչ ավելին։ Անիկա հագված էր ճերմակ ասեղնագործված հագուստ, վիզը բաց՝ սուր անկյունով, բայց թևերը երկայն և որոնց սակայն ծակոտկեն և թափանցիկ կտավի ներքևեն կզգացվեր նուրբ մորթին թեթև վարդագույնը։ Վահեվանյանը ուղղակի գնաց այդ կնոջ մոտ և ձեռքը խնդրեց։ Տիկինը բարձրացուց երկայն, նուրբ և սպիտակ ձեոքը թույլ շարժումով մը, որուն վրա խոնարհեցավ Վահեվանյանը և համբուրեց։ Հետո մեկուսի կենալով, իր տեղը զիջեց Բարպային, որ հետևեցավ Վահեվանյանի օրինակին։

Տիկինը մյուս ձեռքով իր երկու կողմերու աթոռները ցույց տվավ հյուրերուն։ Բարպան անցնելով ձախ կողմը, մտածեց, թե արարողությունը վերջացավ, երբ ուրիշ կին մը մտավ սրահ։ Անիկա միջահասակ, քիչ մը գիրուկ, բաց-գորշագույն մետաքսե շրջազգեստ հագած, դյուրաշարժ, թուխ կին մըն էր, սև գանգուր մազերով, որ ուրախ արտահայտություններով մոտեցավ Վահեվանյանին, ձեռքը սեղմեց և սպասեց, որ Զարեհ էֆենդին Բարպան ներկայացնե իրեն, ինչ որ Ճիզվիտը կատարեց զվարթ շեշտով և երկաթագործին թվելով իր