դարու մարքիզուհիներու նման, բրնձափոշի թափած էր իր գանգուրներուն մեջ։ Անոնց երկուքին ալ ծնոտները քիչ մը տափակ էին, կարծես երկու մասի բաժնված փոսիկով մը, որ լրիվ չէր։
Արուսյակը՝ մոտ տասնութ տարեկան, հակապատկերն էր եղբորը, իր սև մազերովը, որոնք այտերը շրջանակելե հետո, ծոծրակին վրա ամփոփված էին։ Սև, երազուն մեծ աչքեր, երկայն թարթիչներով, հիվանդագին արտահայտություն ունեին անոր դժգույն և սուր ծնոտով վերջացած նրբագիծ դեմքին վրա, ռնգները զգայուն, քունքերը քիչ մը ներս քաշված։ Քույր և եղբայր, երկուքն ալ բարձրահասակ էին, նիհար և սպիտակ մորթով, բայց մինչդեռ Արտակի սպիտակությունը, մորը նման, խառնված էր հազիվ նշմարելի վարդագույնով, որ թեթև խտացում մը ուներ այտերան վրա և կապույտ երակներու ցանցը կհայտներ ճակատին երկու կողմերը, Արուսյակի հղկուն մորթը անթափանց էր և փղոսկրի երանգ մը ուներ, որը կշեշտվեր սև և բարակ հոնքերու կոր գիծովը։ Քույր և եղբայր հագված էին պարզորեն, ճերմակ կանեփե հագուստներ։ Ճաշի սկզբին միայն տիկին Զարուհին և Գալուստ աղան ինքզինքնին կզգային ազատ իրենց շարժումներուն և խոսքերուն մեջ։ Անոնք, դեմառդեմ նստած, կխոսեին բարձրաձայն, մինչդեռ տանտիրուհին նշանացի կամ շշուկով պատվերներ կուտար սպասուհիին։ Մինչև որ փուռր եփված կարմրախայտերը բերին, մյուս սեղանակիցները պահեցին տեսակ մը անհանգիստ լռություն, եթե չհաշվենք Մաննիկի ցած ձայնով Միհրանին տված պատվերները. այս վերջինը վերացումի մեջ էր և կհետևեր, կարծես երազի մեջ, սպասարկության։
— Երբեք դանակ չի դպցնես ձուկին, մովե֊տոն է, իսկ եթե դու իմ կավալիերն ես,— կըսեր Մաննիկը,— պետք է ինձի ծառայես․․․ քիչ մը խավիար տուր ինձի։
Միհրանը կկատարեր Մաննիկի ուզածը, վախնալով, որ անհարկի շարժում մը կընե, բան մը կտապալե, ջուրը կամ աղը կթափե սեղանին վրա։ Անոր ձեռքերը կդողային, երբ հեռուեն պնակ մը կվերցներ, բայց գոհ էր և երջանիկ,