շարժում մը հառաջ եկավ։ Քույր և եղբայր ամբողջ ճաշի ընթացքին շշուկով կխոսակցեին, բայց ավելի հաճախ լուռ և ակնարկներով իրարու հետ կարծիքներ կփոխանակեին։ Իսկ հյուրերու մեջ միայն Միհրանը, որուն աչքեն ոչ մեկ բան չէր վրիպեր, դիտեց, որ Արտակը կմերժեր մսեղեն կերակուրը, և Մաննիկը իրեն հաղորդեց, նույնպես շշուկով, որ Արտակը բանջարակեր է, որ հայրը այդ պատաճառով կնեղանա տղուն դեմ, բռնի կստիպե, որ մսեղեն ուտե, բայց Արտակը հաստատ կմնա իր կարծիքին և որոշումին վրա։
Այն պահուն, որ Զարեհ էֆենդին հայտնեց, թե եկողը Կյուլենցն է, Մաննիկը ավելի ցած ձայնով ըսավ Միհրանին․
— Արուսյակի նշանածն է։
Դեռ սրահ չի մտած կլսվեր Կյուլենցի ձայնը նախասենյակին մեջ, որ խնդալով կխոսեր սպասուհիին հետ, իսկ սեղանին շուրջ ամենեն ավելի ոգևորություն ցույց կուտար Տիկին Զարուհին, որ վերջապես չդիմանալով, ոտքի ելավ և ընդառաջ գնաց հյուրին։ Պահ մը ետքը երկուքով մտան սըրահ։
— Օ՜հ, բարև ձեզ, բարև ամենուն,— ըսավ Գևորգ Կյուլենցը, երկու ձեռքերով բարևի նշաններ ընելով մեկին և մյուսին։ Բայց անիկա հանկարծ լրջացավ և դիմեց դեպի տանտիրուհին՝ ձեռքը համբուրելու համար։
Գևորգ Կյուլենցը մոտ երեսունհինգ տարեկան, կանխահասորեն փորավոր, գեր և միջահասակ մարդ մըն էր, որուն գլուխը սև և խիտ կարճ կտրված մազերով փոքր կերևար համեմատաբար մարմնին։ Ծաղիկը ավերեր էր անոր դեմքը։ Ոչ միայն չեչոտ էր, այլև զանազան ուղղությամբ սպիներ ուներ մորթին վրա. ռունգերուն և աչքերու կոպերուն գիծերը կորսնցուցեր էին իրենց հատկությունը, բայց շնորհիվ երիտասարդական զվարթության և վառվռուն բնավորության, անիկա հակակրելի չէր։ Ծնած ըլլալով թրքախոս ընտանիքի մեջ, հայերենը կխոսեր օտարականի շեշտով և դարձվածքներով, ինչ որ երբեմն ընդհանուր ժպիտ հառաջ կբերեր և որոնց մասին առաջին ժպտացողը ինքը կըլլար։
Գևորգ Կյուլենցի հայրը եղեր էր անոր վարչական խորհրդին մեջ՝ ձայն ունենալու համար, ուր հազար գործեր