Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և արդեն իսկ մտեր էր արտաքին գործերու նախարարության մեջ, իբր պաշտոնյա․․․

Երկու երիտասարդները մնացին շվարուն և լուռ։ Անոնք չէին համարձակեր իրենց աչքերը բարձրացնել, իրարու երես նայիլ։ Անհրապույր և կեղտոտ միջավայրը իր գարշելի բամբասանքներով աղարտեր էր իրենց զգացումներու մաքրությունը։ Այնքան զզվելի լուրեր էին տարածեր Մաքրինեի մասին և այնքան խոսեր էին երիտասարդին ճարպիկ ընչաքաղցության մասին — Քերովբե էֆենդիին խոստումի լուրը տարածվեր էր,— որ անոնք ակամա ամոթահար էին իրարու հանդեպ։

Հովհաննես էֆենդին, որ անկյուն մը նստած՝ թերթ կարդալ կձևացներ, տեսնելով աղջկանը և Ժակին անհամարձակությունը, աննկատելի կերպով հեռացավ սենյակեն։ Այն ժամանակ երկու սիրահարները իրարու վիզ նետվեցան և երկարորեն լացին իրենց մահացու կերպով վիրավորված սիրույն վրա։ Անոնք որոշեցին իրարմե հեռանալ, բայց պահել իրարու հանդեպ ցմահ հավատարմություն։ Ժակը պիտի հեռանար առժամապես Կ. Պոլսեն։ Առիթ մը կներկայանար արդեն։ Ֆրանսիայի թրքական նոր հյուպատոսը կուզեր Ժակը իրեն հետ տանիլ, որպես անձնական քարտուղար։ Երկու երիտասարդները իրարմե բաժնվեցան խորտակված սրտերով, բայց վերջին անգամ ևս փոխադարձ խոստում ընելով ցմահ հավատարմության։

Անցան ամիսներ, անցավ երկու տարի։ Մաքրինեն դարձեր էր շքեղ գեղեցկությամբ աղջիկ մը, որ ուշադրություն կգրավեր իր վրա։ Անիկա արհամարհանքով երես կդարձներ այն բոլոր երիտասարդներեն, որոնք, զինքը համարելով դյուրամատչելի, կհետապնդեին իրենց սիրաբանություններով։ Անիկա կմերժեր նաև ամուսնության բոլոր առաջարկները։ Մորեղբորը ժառանգորդը ըլլալու հանգամանքը հրապուրեր էր բազմաթիվ կարիերիստ երիտասարդներ։ Ասոնց շարքին էր նաև Զարեհը, որ, սակայն, նման չէր մյուսներուն։ Անիկա անմիջապես ըմբռներ էր թե՛ Մաքրինեի և թե՛ հորը՝ Հովհաննես էֆենդիի հոգեկան տրամադրությունները։ Զարեհը հաճախ կուգար այցելության։ Մաքրինեն աստիճանաբար