անոր ձեռքերը մասնավորաբար կդողային հուզմունքի մեջ,– որ ինքը բոլոր սրտով կսիրե Մաքրինեն և պատրաստ է ամուսնանալ անոր հետ, բայց Մաքրինեն անտարբեր է իր զգացումներուն։
— Ես կհարգեմ Մաքրինեի սրտին մեջ պահված զգացումը,— ըսավ Զարեհը, բայց, մյուս կողմանե, ես ալ փոխադարձ սիրո սպասելու իրավունք ունիմ․․․ Այս պայմաններու մեջ,— ըսավ անիկա,— ցավոք սրտի պետք է հրաժարիմ և ուրիշ կին փնտրեմ՝ ընտանիք կազմելու համար։ Արդեն առաջարկություններ ալ կան,— ավելցուց անիկա, գաղտագողի նայելով խոսակցին։
Հովհաննես էֆենդին, տեսնելով, որ իր փայփայած երազը կխորտակվի, Մաքրինեի կողմե խոստացավ ավելի, քան թե իրավունք ուներ։ Ան ըսավ Զարեհին, որ աղջիկը որևէ կապ չուներ Ժակին հետ, որուն խոսքը անգամ չէր ըներ, և թե նշմարած էր, որ աղջիկը անզգա չէր Զարեհին ցույց տված սիրալիրության։
— Անցածը անցած է,— ըսավ ան։— Մաքրինես մեղք է, կուզեմ, որ երջանիկ ըլլա։ Ես վստահ եմ,— ըսավ ան, ա՛լ ավելի դողդղալով,— որ Մաքրինես քեզի հետ երջանիկ կըլլա, ես իմ հայրական հավանությունս կուտամ, մնացածը ձեր գործն է։ Ես,— ըսավ, դարձյալ պահ մը լռութենե հետո,— կխոսիմ Մաքրինեիս հետ։
Երկու օր հետո մաքսային տեսուչը հրավիրեց Զարեհը իր տունը և ուզեց հետը խոսիլ գործնական հողի վրա։
— Ուրախությամբ լսեցի, Զարե՛հ,— ըսավ անիկա,— որ դուն հավներ ես մեր Մաքրինեին և կուզես կյանքդ կապել անոր հետ։ Մաքրինեն,— ավելցուց անիկա,— հիանալի աղջիկ է, վստահ եմ, որ ընտանիքի սքանչելի մայր կըլլա։
Զարեհը վարանման արտահայտություն մը ունեցավ, որ չվրիպեցավ խոսակցին ուշադրութենեն։
— Արդյոք կսխալի՞մ կոր քու ցանկությանդ մասին,— հարցուց ան։
— Ո՛չ, իմ սիրտը սիրեց Մաքրինեն,— կմկմաց Զարեհը,— ես կսիրեմ և կհարգեմ զինքը, բայց․․․
— Ի՞նչ բայց,— հարցուց մաքսային տեսուչը։