Էջ:Բարպա Խաչիկ.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջլատված, մտավ ապաքինման մեջ։ Այդ օրերուն Զարեհը ամեն օր կուգար այցելության և, իբր տան մարդ, Հովհաննես էֆենդիին հետ անձկությամբ կկշռեր Մաքրինեի առողջության հավանականությունները։

Ամառվան իրիկուն մը, երբ Մաքրինեն, որ բոլորովին առողջացած էր, հորը հետ բարձրացավ պատշգամբը, հայրը խոսեցավ աղջկանը Զարեհի առաջարկության մասին։ Ծերունին արցունքոտ աչքերով և աղերսագին խնդրեց Մաքրինեին՝ մոռնալ անցյալը և ընտանիք կազմել «պարկեշտ և գործունյա երիտասարդին հետ», որ բոլոր սրտովը կսիրեր Մաքրինեն։

— Կուզեմ քեզ երջանիկ տեսնել և հետո մեռնիլ,— ըսավ ան՝ բոլոր մարմնովը դողալով։ Մաքրինեն հուզմունքով նայեցավ հորը արցունքոտ աչքերուն, մաշած և դժգույն դեմքին, գողացող ձեռքերուն և ըսավ վհատած ձայնով․

— Կարգադրեցեք, ինչպես որ կուզեք։

Ամուսնութենեն քանի մը ամիս հետո, երբ արդեն հղի էր, Մաքրինեն հասկցավ իր ամուսնույն ամբողջ էությունը և իր հոգվույն մեջ հառաջացավ այնպիսի արհամարհանք, որը ոչ մեկ բանով չէր կրնար մեղմացնել։ Ոչ մեկ վատ բան՝ իր ամուսնույն կողմե կատարված, չէր զարմացներ զինքը։ Անիկա երկար ատեն պահեց իր մտերիմ զգացումը իբրև գաղտնիք և Արուսյակի ծնունդեն հետո ամբողջովին նվիրվեցավ անոր։ Քանի անգամներ ջերմ արցունք թափելով երեխայի օրորցին քով, խոստացավ ինքն իրեն՝ ամեն միջոցներով արգելք ըլլալ, որ իր աղջիկը չենթարկվի իր բախտին։ Մայրական զգացումը, ընդգրկելով իր բոլոր կարողությունները, զինքը փրկեց հուսահատութենե։ Աղջիկը դարձավ իր կյանքի նպատակը։

Մաքրինեն կատեր իր ամուսինը՝ իր հոգու բոլոր թափովը։ Անոր ձևերը, խոսքերը, ձայնին շեշտը նողկանք կազդեին իրեն, և խորապես տառապելով, կհանդուրժեր անոր ներկայությունը իր ննջասենյակին մեջ և անվերջ կմտածեր հնարքներ գտնել՝ ազատվելու համար այդ ատելի մարդու ամուսնական իրավունքներեն։ Երկու տարի հետո Մաքրինեն ունեցավ